Մայիսի 22-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և անդամները հանդիպել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Նաիրա Զոհրաբյանն արժևորել է վերոնշյալ հասարակական կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ ընդգծելով, որ հանձնաժողովը պատրաստ է արդյունավետ համագործակցության:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը 2014 թվականից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի մի բաղադրիչը նվիրված է ՀԿ-ների օրենսդրության բարելավմանը և դրանց գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ապահովմանը: Նշվել է, որ կազմակերպությունը մասնակցել է ՀԿ-ների մասին օրենքի մշակման աշխատանքներին, իսկ օրենքն ընդունվելուց հետո դիտարկել է ենթաօրենսդրական դաշտի զարգացման միտումները: Սոնա Այվազյանը ներկայացրել է իր տեսակետը ՔՀԿ-ների նկատմամբ վերահսկողության և հաշվետվողականության հարցում, անդրադարձել այս առումով միջազգային փորձագետների կարծիքներին:

«Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» ծրագրի խորհրդատու Լյուբեն Պանովն ընդգծել է, որ իրենք փորձում են կառավարություններին, խորհրդարաններին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել գտնելու դաշտի կանոնակարգման լավագույն լուծումները՝ իրենց երկրների պայմաններին համահունչ: Նա կարևորել է ՀԿ-ներին տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելը, կամավորությունը որոշակի կանոնակարգման ենթարկելը: Լյուբեն Պանովը տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են Պետական եկամուտների կոմիտեի հետ, ներկայացնում ոլորտի խնդիրների լուծման դիտարկումներն ու առաջարկները՝ կարևորելով հանրային քննարկումները, երկխոսությունը քաղհասարակության և իշխանությունների միջև:

Սկզբնաղբյուրը՝ https://bit.ly/2HESE0A