Մայիսի 23-ին, ժամը 15։00-18։00-ն, «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցում (հասցե՝ Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք) տեղի կունենա «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով հետազոտության արդյունքների վերաբերյալ ներկայացում և քննարկում:

Քննարկմանը ներկա կլինեն առաջատար ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում ԹԻՀԿ գործընկեր «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL, Հունգարիա) կազմակերպության խորհրդատու Լյուբեն Պանովը կներկայացնի ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների վերաբերյալ առկա միջազգային ստանդարտներն ու պրակտիկան, մասնակիցները կքննարկեն Հայաստանում հասարակական կազմակերպությունների նկատմամբ հաշվետվության պահանջները։

Միջոցառան ընթացքում կներկայացվեն նաև տարբեր երկրների իրավական կարգավորումները` ՔՀԿ-ների հաշվետվողականության պահանջների վերաբերյալ: Համապատասխան կարգավորումներում սահմանվում են նաև ՔՀԿ-ների հաշվետվողականության պահանջները, որոնք առկա են Հայաստանին համանման երկրներում: Դրանք նպատակ ունեն աջակցել երկրում առաջարկվող ՔՀԿ-ների հաշվետվողականության պահանջների քննարկմանը: Վերոնշյալ կարգավորումները մշակվել են 2019թ. ապրիլին՝ փաստաթղթերի ուսումնասիրության և Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի փորձագետների կողմից հավաքագրված տեղեկատվության հիման վրա: Ուշադրության կենտրոնում են եղել հաշվետվողականության այն պահանջները, որոնք վերաբերում են բոլոր ՔՀԿ-ներին (և մշակված՝ ելնելով նրանց առանձնահատկություններից) և/կամ հատուկ կարգավիճակ (օրինակ, հանրօգուտ կամ բարեգործական կարգավիճակ) ունեցող ՔՀԿ-ներին:

Քննարկումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Այն համաֆինասավորվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի կողմից։

Քննարկմանը ներդրում է ունեցել նաև ECNL ղեկավարմամբ իրականացվող նախագիծը, որը հնարավոր է դարձել «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) միջոցով Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական տարածք նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։