Ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 20-ին ձերբակալվել է Ռուսաստանում գործող «Գոլոս» շարժման խորհրդի անդամ Ռոման Ուդոտը: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անցյալ տարվա մարտին «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ նա, արձագանքելով «ՆՏՎ» հեռուստաընկերության լրագրողուհու անհարիր պահվածքին և հարցերին, վերցրել է նրա հեռախոսը: Ռ. Ուդոտը դիմել է ոստիկանություն և հայտարարություն տվել՝ հետապնդման և մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման վերաբերյալ: Թղթակիցն իր հերթին ներկայացրել է հաղորդում հեռախոսի գողության մասին: Արդյունքում, «ՆՏՎ» հեռուստաընկերության թղթակիցների դիմումի համաձայն ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը): Ռոման Ուդոտը չի ընդունում իր մեղքը:

Հարկ է նշել, որ այս միջադեպին նախորդել են պարբերական հետապնդումները Ռոմանի նկատմամբ, գիշերային զանգերը և սպառնալիքներն՝ ուղղված նրա ծնողներին, որոնք տեղ են գտել «ՆՏՎ»-ի ֆիլմերում ստահոդ լուրերի տարածման արդյունքում: Իրենց լրագրող ներկայացնող մարդիկ, որոնք ամենայն հավանականությամբ կապված են հատուկ ծառայությունների հետ, դարաններ լարելով՝ հոգեբանական ճնշման են ենթարկել նաև Ռոմանի անչափահաս երեխային:

Ռոման Ուդոտը Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող շարժման ամենահայտնի ակտիվիստներից է: 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում նա բացահայտել է և վավերագրել բազմաթիվ ընտրախախտումներ: Ներկայումս Ռոմանը ընտրական վիճակագրության միջազգայնորեն ճանաչված լավագույն փորձագետներից է, որը հանդիսանում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մի քանի մեթոդական նյութերի համահեղինակ: Վիճակագրական մեթոդների միջոցով նա վեր է հանում զանգվածային կեղծարարությունների դեպքեր:

Սկզբնաղբյուրը` https://bit.ly/2WRPxJm