Պրահայում մայիսի 13-14-ը տեղի է ունեցել քաղաքական ազդեցություն ունեցող անձանց ազգային շտեմարանների կազմման առաջընթացի վերաբերյալ երկօրյա աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են խորհրդարանների պատգամավորների, դատական իշխանության, կենտրոնական և տեղական իշխանության մարմինների արդյունավետ մոնիտորինգի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով ներկայացրել է ԹԻՀԿ-ի կողմից իրականացվող` քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շտեմարանի տվյալների հավաքագրումը և ստուգումը: Աշխատաժողովը կազմակերպել է Պրահայի կենտրոնական և արևելյան եվրոպայի իրավաբանական ինստիտուտը։

Աշխատաժողովին մասնակցել են նաև Խորվաթիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Մոլդովայի կազմակերպությունների, Պրահայի կենտրոնական և արևելյան Եվրոպայի իրավաբանական ինստիտուտի ներկայացուցիչներ, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF) նախկին ղեկավարը, այլ շահագրգիռ անձինք:

Բացի տարբեր երկրների կազմակերպությունների կողմից իրականացվող` քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շտեմարանների տվյալների հավաքագրման ու ստուգման անդրադարձից, միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև ազդարարների հետ կապված խնդիրների լուծումները, իրավապահ մարմինների և կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստների միջև համագործակցությունը, ակտիվների վերականգնումը մասնավոր բիզնեսում և այլ հարցեր: