Կառավարությունը մայիսի 2-ի նիստում բացասական եզրակացություն է տրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական և այդ անձանց անվտանգությանը: «Սա լեգիտիմ շահ է, և կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,- ասել էր արդարադատության նախարարը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ խորապես զարմացած է նախագծի վերաբերյալ նոր իշխանությունների՝ վարչապետի, առավել ևս՝ արդարադատության նախարարի արձագանքից։ Նրա խոսքով՝ նախկինում, երբ այդ տեղեկությունները բաց էին, երբևէ որևէ խնդիր չի առաջացել, սակայն Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ ընդունվել է «Գնումների մասին նոր օրենքը, պաշտոնյաների մասին այդ տեղեկությունները դարձել են գաղտնի։ Իսկ այնտեղ, որտեղ գաղտնի բան կա, կա նաև կոռուպցիա:

Սկզբնաղբյուրը` «Առաջին լրատվական»