Գլխավոր էջ Նորություններ Անկեղծորեն զարմացա, որ նախարարը կրկնեց նույն պատճառաբանությունները, որոնք բերվել էին նախորդների կողմից
Նորություններ
2019 Մայ
6

Անկեղծորեն զարմացա, որ նախարարը կրկնեց նույն պատճառաբանությունները, որոնք բերվել էին նախորդների կողմից

Պարոն Հոկտանյան, կառավարությունը մերժել է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը, և ենթադրվում է, որ ԱԺ-ում այն նույնպես կմերժվի։ Հաշվի առնելով, որ Ձեր կազմակերպությունը բազմիցս զբաղվել է գնումների հարցով, Ձեր կարծիքով, ընդհանրապես անվտանգության հետ կապված խնդի՞ր կար։

Այդ փոփոփությունը, ըստ որի՝ այդ տեղեկությունները գաղտնիք են համարվում, ընդունվել է 2017-ի ապրիլի 23-ին։ Սա թվով 4-րդ օրենքն է, իսկ նախորդ երեքում նման բան չի եղել։ Այսինքն՝ փոփոխությունը տեղի է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, և նրանք, բնականաբար, ոչ այնքան հիմնավոր պատճառաբանություններ էին բերում դրա համար։ Անկեղծորեն զարմացա, որ կառավարության նիստում արդարադատության նախարարը կրկնեց այդ նույն պատճառաբանությունները, որոնք բերվել էին նախորդների կողմից։ Եթե դա իսկապես այդպես լիներ, նախորդ օրենքներում այդ փոփոխությունները մտցված կլինեին։ Միգուցե ինչ-որ չափով խնդիր կա, բայց ես դա չէի համարի շատ լուրջ։ Միգուցե կազմակերպության անվանումը անվտանգության նկատառումներով չնշվի, բայց լրիվ գաղտնի դարձնելը, այսինքն՝ մեկ անձով է արվել, թե ոչ, ինչպիսի գներ են եղել, գնման առարկայի բնութագրերը, գործընթացը, դրանք գաղտնի պահելու իմաստը ես չեմ հասկանում։ Ինձ համար դա անհասկանալի է։ Միգուցե կազմակերպության անվանումը անվտանգության նկատառումներով չասվի, քանի որ պատերազմող երկիր ենք, հետախուզությունը կարող է դրանցով զբաղվել, բայց դա նախկին տարիներին չի եղել։ Մյուս կողմից, այդ տարիներին, երբ մենք մոնիտորիnգ էինք իրականացնում գնումների ոլորտում, գնումների մասին պաշտոնական կայքում այդ մասին տվյալները չէին էլ դրվում, թեև օրենքը չէր արգելում։ Հատուկ մի անգամ փորձ կատարեցինք, բայց պրակտիկորեն հնարավոր չեղավ այդ մասին տեղեկություններ ստանալ։ Իսկ հիմա արդեն օրենքի ուժով 2017-ին դա արգելվեց։

Նախկինում ընդդիմությունը հայտարարում էր, որ դա արվում է Սերժ Սարգսյանի համար, որ նրա ծախսերը թաքցվեն։ Հիմա, երբ իշխանափոխություն է տեղի ունեցել, կոռուպցիայի դեմ հստակ պայքար կա, ինչո՞ւ պետք է չուզենան օրենքում այդ փոփոխությունը կատարել և թափանցիկ դարձնել գնումների գործընթացը։

Հենց նույն պատճառաբանությամբ ես շատ զարմացած եմ, որ դա չընդունվեց։ Այստեղ կոռուպցիոն լուրջ ռիսկեր կան։ Օրինակ, երբ մենք ժամանակին ուզում էինք նայել արարողակարգային ծառայությունների այդ գնումները, մենք իմացել էինք, որ մեկ անձից գնումներ են արվում, իսկ դրանք կոռուպցիայի առումով ամենառիսկայինն են։ Էլ չեմ ասում, որ չէինք զարմանա, եթե պարզվեր, որ գնման բնութագրերը ուռճացված են։

Հաստատ չեմ հիշում, բայց փորձում էին նաև պատճառաբանել, որ կարելի է գնման բնութագրերից ելնելով իբր գտնել, թե ով է հաղթել։ Եթե փորձում ես անձից գնում անել, և գնման բնութագրերն էլ շատ նեղ սահմանվեին և համապատասխանեին մեկ ընկերության, ու եթե ասենք՝ օտարերկրյա գործակալությունները գիշեր-ցերեկ դրանով են զբաղված, որ փորձեն պարզել, թե ովքեր են, միգուցե վտանգ այստեղ կա, բայց ես ինքս չեմ պատկերացնում, որ թաքցնելու կարիքը կա։

Ամբողջական հարցազրույցը՝ https://www.lragir.am/2019/05/06/440692/