«Հոդված 3» ակումբում մայիսի 3-ին տեղի է ունեցել «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետություն» թեմայով քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Վարուժան Հոկտանյանի խոսքով`թավշյա հեղափոխությունից հետո ներքևներում էապես իրավիճակը չի փոխվել,ինչն իհարկե չի նշանակում, թե համակարգային կոռուպցիա առայժմ կա: «Իրավապահ մարմինները պետք է հասկանան, թե ներքևների կոռուպցիան որքանո՞վ է վերև բարձրանում և մինչև որտեղ է հասնում: Կարծես թե քաղաքական կամքը այս էտապում դրսևորվում է նրանում, որ կոռուպցիոն շղթան մինչև վերև չի հասնում, բայց որոշակի մակարդակ միգուցե կա»,-նշել է Վ. Հոկտանյանը:

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարը նաև ասել է, որ երբ անցյալ տարի փոփոխություններ եղան, չպետք է սպասեինք ռազմավարության մշակմանը, մանավանդ որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքն ընդունվել է դեռևս 2017 թ. հունիսին և դրանից հետո ոչինչ չի արվել այդ հանձնաժողովը ստեղծելու ուղղությամբ:

«Նախորդ վարչակարգի հեռացումից հետո ինստիտուցիոնալ առումով դեռևս որևէ քայլ չի արվել հակակոռուպցիոն քաղաքականության երեք գլխավոր բաղադրիչների` կանխարգելման, օրենքի գերիշխանության ապահովման և հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ: Վերևներում ունենք մի քանի աղմկահարույց գործեր, սակայն ներքևներում կարծես թե չունենք էական փոփոխություն»,-հավելել է Վարուժան Հոկտանյանը:

Ամբողջական քննարկումը՝«Հոդված 3» ակումբ - #Article3 Club