«Մեդիա կենտրոնում» ապրիլի 15-ին տեղի է ունեցել «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկում, որին մասնակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Վերջինս անդրադարձել է ԶԼՄ-ների նկատմամբ հասարակության` հաշվետու և թափանցիկ լինելու պահանջներին, ԶԼՄ-ների առնչությամբ հիմնական կոռուպցիոն խնդիրներին և դրանց լուծումներին, ինչպես նաև ԶԼՄ-ների իրական սեփականատերերի ինքնության հրապարակմանը:

«ԶԼՄ-ների առնչությամբ առկա են երեք հիմնական կոռուպցիոն խնդիրներ», - նշել է Այվազյանը: Դրանք են.

1.Սեփականատիրության խնդիրը. կան ռիսկեր, որ սեփականությունը կարող է վտանգի ենթարկել բազմակարծությունը: Այն խնդրահարույց է դառնում մասնավորապես, եթե լրատվամիջոցների մեծամասնությունը կենտրոնացված է մեկ կամ մի քանի ուժերի ձեռքում, ինչը կարող է հանգեցնել գրաքննության, համապատասխանաբար` խոսքի ազատության ճնշումների:

2.Ֆինանսավորման խնդիրը. անկախ սեփականությունից, լրատվամիջոցը կարող է ստանալ ֆինանսավորում տարբեր անձանց, կազմակերպությունների կողմից և կատարել պատվերներ:

3. Անհատ լրագրողների կամ լրատվամիջոցների աշխատակիցների կողմից դրսևորվող խնդիրները, որոնք կարող են ոչ ճիշտ ներկայացնել տվյալները կամ խաթարել ինֆորմացիան:

Սոնա Այվազյանի խոսքով՝ առաջին երկու խնդիրներն օրենսդրական կարգավորման կարիք ունեն,իսկ երրորդ խնդիրն առնչվում է ինքնակարգավորման գործուն մեխանիզմների նախատեսմանը` էթիկայի նորմեր սահմանելուն, շահերի բախմանը, նվերներին և այլն:

Այս պահին Հայաստանն իր հանքարդյունաբերության ոլորտի միջազգային պարտականություններն է իրականացնում` Բաց կառավարման գործընկերության ՀՀ չորրորդ գործողությունների ծրագրի նախագծով (2018-2020 թվականներ) նախատեսված իրական սեփականատերերի բաց ռեգիստրի ստեղծումով, ընդ որում` Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի պարտադիր պահանջ է հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի ինքնության հրապարակումը: Ըստ Ս. Այվազյանի` ԶԼՄ-ների սեփականատերերի թափանցիկությունը առաջնահերթության կարգով պետք է լուծվի` երկրորդ տեղում պետք է լինի ԶԼՄ-ների իրական սեփականատերերի ինքնության հրապարակումը: Իզուր չէ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում կայացած ընտրությունների դիտարկման վերաբերյալ իր զեկույցում մի քանի անգամ անդրադարձել է ԶԼՄ-ների իրական սեփականատերերի ինքնության բացահայտմանը:

Տեսանյութը և լուսանկարները` «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից` https://bit.ly/2Peeuvq:
Լուսաբանումը՝
media.am
aravot.am
panorama.am
168.am