Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նշել է իր տասներորդ տարեդարձը ս.թ. հուլիսի 23-ին կայացած ընդհանուր ժողովի ընթացքում, որին ներկա էին կազմակերպության 15 անդամներ, աշխատակազմն ու համակիրները: Ժողովը բացվել է ողջույնի խոսքով, ապա ներկայացվել են կազմակերպության իրականացրած երկամյա գործունեությունը հաշվետու ժամանակահատվածում: Օրակարգի մյուս հարցերն էին ԹԻՀԿ նոր անդամների թեկնածության առաջադրումն ու քվեարկությունը, խորհրդի անդամների և նախագահի ընտրությունները և կազմակերպության 10-րդ տարեդարձի հետ կապված միջոցառումների ու այլ հարցերի քննարկումը:

ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, հակիրճ ներկայացնելով կազմակերպության ստեղծման պատմությունը, կարգավիճակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ կոռուպցիայի դեմ միջազգային դաշինքի հետ նրա հարաբերությունը, անցած ուղին և ապագա մարտահրավերները: Նա նաև անդրադարձել է կազմակերպության տասնամյակի հետ կապված մի շարք պլանավորվող միջոցառումների:

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում (26 հուլիսի, 2008թ.-23 հուլիսի, 2010թ.) կազմակերպության իրականացրած գործունեությունը և դրա արդյունքները, այդ թվում` հրապարակումները, հետազոտության ու մոնիտորինգի արդյունքները, իրազեկության բարձրացման ու շահերի պաշտպանության արշավները:

Հինգ թեկնածուներ` Սուրեն Սաղաթելյանը, Լենա Նազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Խաչիկ Հարությունյանն ու Սարգիս Լալայանը ընտրվել են կազմակերպության անդամներ:

Ընտրվել է ԹԻՀԿ նոր խորհուրդը` բաղկացած հինգ անդամից` Ամալյա Կոստանյան, Սոնա Այվազյան և երեք նոր անդամներ` Դավիթ Սարգսյան, Սուրեն Սաղաթելյան և Լանա Կառլովա: Ամալյա Կոստանյանը վերընտրվել է որպես խորհրդի նախագահ: Նա երախտագիտություն է հայտնել խորհրդի նախկին անդամներին` Արթուր Լալայանին, Վազգեն Կարապետյանին և Լիլիթ Հակոբյանին նախորդ տարիներին ցուցաբերած իրենց նվիրումի համար և նոր խորհրդին մաղթեց արդյունավետ գործունեություն:

ԹԻՀԿ աշխատակազմն ու անդամները hուլիսի 25-ին կազմակերպել էին նաև միջոցառում Աղվերանում: