Հայաստանցի դիտորդները Ուկրաինայում դիտարկել են նախագահական ընտրությունները
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ որպես «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) անդամ, մարտի 31-ին Ուկրաինայում դիտարկել է նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը: ENEMO-ի երկարաժամկետ դիտորդությանը մասնակցել է ԹԻՀԿ ծրագրի համակարգող Մարիամ Հովեյանը։ Ընտրությունների ընթացքին հետևել են նաև «Ականատես» դիտորդական առաքելության իրավաբաննեը, նախորդ ընտրություններին մասնակցած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդները։ Խմբում եղել են նաև ԹԻՀԿ աշխատակիցներ Տաթևիկ Բարսեղյանը, Սարգիս Ղոնյանը, այլք։
ENEMO-ի շրջանակում մարտի 29-ին կարճաժամկետ դիտորդություն իրականացնողների համար տեղի է ունեցել ճեպազրույց, որտեղ կարճաժամկետ դիտորդություն իրականացնող խմբերի համար ներկայացվել են որոշ թեմաներ՝ ֆինանսավորման և լոգիստիկայի, քաղաքական և իրավական դաշտի, քարոզարշավի և թեկնածուների, ընտրական վարչարարության և էլեկտրոնային օրակարգերի ընթացակարգերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև վարքագծի կանոններին, հաշվետվությունների համակարգին և անվտանգությանը։
Հայաստանցի դիտորդները Կիևից մարտի 29-ին ուղևորվել են ուկրաինական քաղաքներ՝ Խարկով, Զապորոժիե, Չերկասսի, Չեռնիգով, Դնեպր և հետևել ընտրություններին։
ENEMO-ն ավելի ուշ կամփոփի իրավիճակը և կհայտնի ընտրությունների ընթացքի վերաբերյալ իր գնահատականը։
Նշենք, որ ԹԻՀԿ-ն ENEMO-ի անդամ է, որն իրականացնում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։