«Բազմազգ Վրաստան» հանրային շարժում կազմակերպությունը մարտի 14-16-ը Թբիլիսում կազմակերպել է «Հանրային անվտանգության և պահպանության ոլորտներում բարեփոխումներն ընդդեմ մարդու իրավունքների» խորագրով եռօրյա աշխատաժողով, որին մասնակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը: ԹԻՀԿ փորձագետը ներկայացրել է հակակոռուպցիոն պայքարում ՀՀ ներկայիս իրավիճակը, վրացի գործընկերներից հետաքրքրվել Վրաստանի կողմից ներդրված ջանքերի և հարևան պետության կողմից ոլորտում առկա խնդիրների լուծման արդունավետ մեխանիզմներից:

Աշխատաժողովին մասնակցել է նաև Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Վախթանգ Խմալաձեն, ով հանդես է եկել նորանկախ Վրաստանի սահմանադրական կարգի ծավալուն զեկույցի ներկայացմամբ: Վրաստանի նախկին փոխարտգործնախարարը` Բատու Քութելիան, խոսել է Վրաստանի անվտանգության դոկտրինի մասին, ինչպես նաև անդրադարձել տնտեսական և էներգետիկ անվտանգության խնդիրներին:

ԹԻ Վրաստանի փորձագետ Լիկա Սաջայան ներկայացրել է Վրաստանի փորձը կոռուպցիայի դեմ պայքարում և դրանից բխող մարտահրավերները մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

Աշխատաժողովի ընթացքում Թբիլիսիի Լիբերալ ակադեմիայի հիմնադրամի տնօրեն Լաշա Տուգուշին անդրադարձել է նաև լրատվամիջոնցերի կարգավորման դաշտին, ընդգծել վրացական փորձը կապված լրատվամիջոցների իրական սեփականատերերի հայտնաբերման հարցում:

Նշենք նաև, որ մասնագիտական զեկույցով հանդես են եկել Վրաստանի հասարակական և քաղաքական այլ գործիչներ, ովքեր քննարկվող թեմայի շրջանակում ներկայացրել են իրենց փորձառությունը: