«Ֆրիդոմ Հաուս»-ի ս.թ. հունիսի 29-ին հրապարակած «Անցումային շրջանի երկրներ» 2010 թ. զեկույցը դիտարկել է ժողովրդավարական զարգացումները Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի 29 երկրներում: Հայաստանը, որ 5.39 միավոր ցուցանիշով դասվել է կիսաավտորիտար երկրների շարքը չի համապատասխանում ընտրական ժողովրդավարության անգամ նվազագույն չափանիշներին, իսկ համատարած կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը սովորաբար պայմանավորված են քաղաքական շարժառիթներով:

Կոռուպցիան շարունակում է մնալ որպես երկրի ժողովրդավարական զարգացման հիմնական խոչընդոտ: Առաջնորդվելով նոր` 2009-12 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ, կառավարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարը, օրենսդրական միջոցները համատեղելով հանրային ծառայությունների բարեփոխման հետ: Թեպետ իշխանությունների ձեռնարկած հակակոռուպցիոն արշավը բացահայտել է չարաշահումներ պետական կառավարման տարբեր մակարդակներում, այն շրջանցել է բարձրաստիճան պաշտոնյաներին և խոշոր գործարարներին, որոնք համապատասխան պատժի չեն արժանացել:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախագահ Ամալյա Կոստանյանի կարծիքով ռազմավարությունն ունի բազմաթիվ թերություններ, և որ ամենակարևորն է, այն պատշաճ ուշադրության չի արժանացրել քաղաքական կոռուպցիայի բացահայտմանը: Մեկնաբանություններում ԹԻՀԿ-ը նշել է, որ ռազմավարությունը բավականաչափ տեղ չհատկացնելով ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը, կամ ջանք չթափելով վերացնել քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճումը, ինչպես նաև վարչական, ֆինանսական ու տեղեկատվական ռեսուրսների չարաշահումը, կենտրոնացել է պատգամավորների վարքագծի կանոնների վրա: Կոստանյանը նշել է, որ կոռուպցիայի հիմնական պատճառը երկրում քաղաքական ու տնտեսական շահերի օլիգարխիկ կենտրոնոցումն է պետական չինովնիկների ձեռքում:

Տվյալ տարվա ժողովրդավարության ցուցանիշը ազգային ժողովրդավարական կառավարման, ընտրական գործընթացի, քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման, դատական համակարգ և դրա անկախության ու կոռուպցիայի կատեգորիաների ցուցանիշների միջին թվաբանականն է: Ցուցանիշները հիմնված են 1-7 սանդղակի վրա, որտեղ 1 միավորը ներկայացնում է ժողովրդավարության զարգացման բարձրագույն, իսկ 7-ը` ցածրագույն մակարդակ:

Տես «Անցումային շրջանի երկրներ» 2010 թ. Հայաստանի վերաբերյալ զեկույցը անգլերեն լեզվով