Իշխանության հակակոռուպցիոն պայքարի մասին «Մեդիալաբ»-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ։ Ըստ Հոկտանյանի` դինամիկան դրական է, և կոռուպցիայի դեմ պայքարում ավելի ակտիվացել և ուժեղացել է քրեաիրավական պատժիչ բաղադրիչը, սակայն երբ կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ չեն արվում լուրջ քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումներ, ինչ-որ տեղ հակակոռուպցիոն պայքարը դառնում է ինքնանպատակ, դրա արդյունքում որոշակի հոգնածություն է առաջանում, և գործն առաջ չի գնում։

Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ կարևոր է, որ այդ տեմպը, մասշտաբները պահպանվեն, և պատժելիությունը տարածվի ոչ միայն նախկին, այլև ներկա պաշտոնյաների վրա, եթե բացահայտվեն այդպիսի դեպքեր:

Ըստ Հոկտանյանի` եթե գնալու ենք վնասը վերականգնելու ճանապարհով, պետք է փորձենք նաև օֆշորներից հետ բերել գումարները։ Մյուս մոտեցումն այն է, որ ոչ թե պատժեն մարդկանց, այլ պատժելու սպառնալիքի տակ այդ գումարները բերվեն և ներդրվեն տնտեսության մեջ։ Մեր մեծագույն խնդիրը ներդրումների պակասն է, և պետք է շատ հստակ ռազմավարություն մշակվի։

«Պետք է ձգտել նրան, որ օրենքի առջև բոլորը լինեն հավասար, և բացի նախկին վարչակարգի կարկառուն դեմքերից, նաև այլ դեմքերը պատասխան տան», - շարունակում է Հոկտանյանը, ավելացնելով. «Շատ կարևոր է, որ չստացվի այնպես, որ յուրայինների դեպքում օգտագործվեն օրենքի սողանցքները և անպատիժ թողնեն, իսկ հակառակորդների նկատմամբ օրենքը կիրառվի ողջ խստությամբ։ Սրանք Բենիտո Մուսոլինիի խոսքերն են ու չէի ուզենա, որ այս մոտեցումը լինի Հայաստանում»։

Տես «Մեդիալաբ»-ի նյութը