Ս. թ. հունիսի 25-ին «Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոններ Երևանում, Գյումրիում և Վանաձորում» ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը և համակարգողներ Լևոն Բարսեղյանն ու Արթուր Սաքունցը «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են Երևանի, Շիրակի ու Լոռու մարզերի ՇՊԱԿ-ների մեկ ու կես տարվա գործունեությունը: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից գործարկվող կենտրոնների հիմնումն ու գործունեությունն ապահովվել է ԱՄՆ ՄԶԳ հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում` «Կասալս ենդ Ասոշիեյթս Ինք.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ:

Հիմնադրման օրվանից` 2008թ. հոկտեմբերի 8-ից մինչ ս.թ. հունիսի 1-ը Երևանի, Շիրակի և Լոռու ՇՊԱԿ-ները ստացել են 1317 դիմում (այդ թվում` Երևանում` 581, Գյումրիում` 286 և Վանաձորում` 450), որոնցից 360 գործերը կոռուպցիոն բնույթի են (Երևանում` 139, Գյումրիում` 44 և Վանաձորում` 177): Դիմումների առնչությամբ տրամադրվել է իրավաբանական աջակցություն: Դատախազությանն ուղղվել է 66 դիմում-հաղորդում, այդ թվում` Երևանից` 28, Գյումրիից` 16 և Վանաձորից` 22, իսկ դատարաններ են ուղղվել 75 դիմում-հաղորդում` Երևանից` 33, Գյումրիից` 13 և Վանաձորից` 29: Միայն 2010թ. առաջին 5 ամիսների ընթացքում նշված ՇՊԱԿ-ները ստացել են ավելի քան 500 դիմում, որոնցից մոտ 80-ն ընդունվել են որպես կոռուպցիոն գործեր:

Կենտրոնների գործունեության ընթացքում ուրվագծվել են մի շարք օրենսդրական բացեր, որոնք հնարավորություն են ընձեռում կոռուպցիոն դրսևորումների տարածման համար` արդյունքում խախտելով մարդու իրավունքները: Կենտրոնները, մասնավորապես, բացահայտել են կոռուպցիոն հանցագործությունների կապակցությամբ քրեական գործեր հարուցելու գործընթացի թերությունները` պայմանավորված օրենսդրության անկատարությամբ և հանցագործությունների մասին հաղորդումներին իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքով: Կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ խոչընդոտ է ճանաչվել հասարակական կառույցների կողմից ոչ իրավաչափ և հանրային շահերին վնասող իրավական ակտերը անվավեր ճանաչելու պահանջով վարչական դատարան դիմելու իրավունքի սահմանափակումը:

Մեկ և կես տարվա գործունեության ընթացքում Երևանի, Շիրակի և Լոռու ՇՊԱԿ-ներն արձանագրել են հետևյալ առանձնահատկությունները.

- Սոցիալապես անապահով խավերը զրկված են անվճար իրավաբանական օգնության հնարավորությունից և, ըստ այդմ, հայցում են ցանկացած անվճար օգնություն իրենց բազմապիսի խնդիրները լուծելու համար: Ընդհանուր առմամբ, քաղաքացիները խուսափում են հետամուտ լինել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը իրավական լծակների կիրառմամբ, ինչը պայմանավորված է ինչպես բողոքարկման հնարավորությունների վերաբերյալ ցածր իրազեկությամբ, այնպես էլ` ընդհանուր վախի ու պետական կառույցների, մասնավորապես, իրավապահ մարմինների ու դատարանների նկատմամբ անվստահությամբ: Իրազեկության ցածր մակարդակը պայմանավորված է նաև նրանով, որ բացի մեկ-երկու տպագիր և էլեկտրոնային պարբերականներից` ԶԼՄ ներկայացուցիչները, մասնավորապես, մարզային, հետամուտ չեն լինում կոռուպցիոն դեպքերի լուսաբանմանը:

- Կոռուպցիոն գործերի առնչությամբ իրավական լծակների գործադրումը երկարատև է և հաճախ նաև անարդյունավետ` վարչարարության պատճառով, ինչը հանգեցնում է քաղաքացիների հուսալքման ու հիասթափության: Քաղաքացիների բողոքները հաճախ չեն ստանում պատշաճ արձագանք վարչական մարմինների կողմից, և մարդիկ մնում են պետական կառույցների դեմ անպաշտպան և խոցելի:

- Պետական կառույցների, մասնավորապես` իրավապահ մարմինների կողմից, ընդհանուր առմամբ, դրսևորվում է հանցագործ արարքները պաշտպանելու/կոծկելու մոտեցում, և չի զգացվում իրական կամք համապատասխան ընթացք տալու կոռուպցիոն դեպքերին: Հանցագործները չեն ենթարկվում պատասխանատվության նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց կողմից կատարված արարքները բացահայտվում են: Չնայած առանձին գործերով դրական առաջխաղացումներին, քաղաքացիների կողմից տարվող կոռուպցիայի դեմ պայքարը չի պսակվում հաջողությամբ և չի հանգեցնում «դոմինոյի էֆեկտի»` համակարգային փոփոխությունների սաղմնավորման:

Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների նպատակն է աջակցել հանրության մասնակցությանը կոռուպցիայի դեմ պայքարում և նպաստել հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումներին Հայաստանում: Կենտրոնները քաղաքացիներին տրամադրում են իրավախորհրդատվություն և աջակցություն, օգնում կոռուպցիային վերաբերող` նրանց բողոքների ձևակերպման և ըստ պատկանելության հասցեագրման գործում, ապահովում նրանց շահերի ներկայացումը տարբեր կառույցներում, այդ թվում` դատարանում: Կենտրոնները վերլուծում են բողոքները, բացահայտում կոռուպցիայի տարածման հնարավորություն ընձեռող գործոնները, ինչը օգտագործվում է նրանց կողմից հայեցակարգային առաջարկների մշակման և ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված գործողությունների նպատակով: Կենտրոնները նաև նպաստում են կոռուպցիայի և դրա առնչությամբ` քաղաքացիների իրավունքներին վերաբերող իրազեկության բարձրացմանը: