Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում հայտարարել էր դրամաշնորհային ծրագրերի առաջարկների մրցույթ՝ ներկայացնելու հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանմանն ուղղված դրամաշնորհային ծրագիր:

Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպություններից է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, որը ս.թ. հունվարի կեսից իրականացնում է «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընթացի լիարժեք մասնակիցներ» դրամաշնորհային ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի ապահովել ԱՃԹՆ ստանդարտի` քաղաքացիական հասարակության մասնակցության, հասարակական դեբատների անցկացման և հասարակության կողմից որոշումների կայացման գործընթացի ապահովման կատարումը` ՀՀ Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացնելով ագրեսիվ քարոզարշավ, ինչպես նաև ԱՃԹՆ գործընթացում հանքարդյունաբերության ազդակիր համայնքների ներկայացուցիչներին դարձնել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի այլընտրանքային/գործող անդամներ` նրանց շահերի պաշտպանությունն ապահովելու և ԱՃԹՆ գործընթացում հանրային սեկտորի ներգրավվածությունն ընդլայնելու համար:

2017 թ. Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամի թեկնածու: Սա պարտավորություններ դրեց երկրի վրա` ապահովել արդյունահանող ճյուղերի թափանցիկությունը և հաշվետվողականությունը շահագրգիռ կողմերի` պետական, գործարար համակարգերի և քաղաքացիական հասարակության երկխոսության միջոցով: ԱՃԹՆ-ի շրջանակներում ձևավորվեց բազմաշահառու խումբ (ԲՇԽ), որը քննարկում և որոշումներ է կայացնում ԱՃԹՆ-ի հաշվետվության վերաբերյալ: