«Աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան զրո մակարդակի չէ։ Բոլոր երկրներում էլ կոռուպցիա կա, և դա չէր կարող չլինել նաև Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ օրերս կատարած հայտարարությանն ու հանձնարարականներին։

Հոկտանյանի խոսքով՝ ներկայումս խնդիրը կոռուպցիան նվազագույնի հասցնելն է, որպեսզի այն համակարգային բնույթ չունենա և չլինի երկրի զարգացմանը լուրջ խոչընդոտ։ Հետհեղափոխական իրավիճակում բնական է, պատկերը չէր կարող կտրուկ փոփոխվել։ Կարևորն այն է, որ ուղղությունը ճիշտ է ընտրված, մնում է, որ ամեն ինչ արվի պրոֆեսիոնալ։ Ըստ Հոկտանյանի` եթե մյուս տարի Կոռուպցիայի ընկալման համաթիվը բարելավվի, կնշանակի, որ կոռուպցիան նվազել է, բայց առայժմ առանձնապես մեծ փոփոխություն չի զգացվում ստորին օղակներում։

Հոկտանյանը հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմնի ստեղծումը չի համարում լավագույն լուծում, քանի որ կան բազմաթիվ երկրներ, որոնք առանց այդ մոդելի կիրառման լուրջ արդյունքներ են ունեցել, ինչպես, օրինակ, Սաակաշվիլիի ժամանակ Վրաստանը։ Հոկտանյանի խոսքով` այդ մոդելը կիրառվել է Լատինական Ամերիկայի երկրներում, և իրավիճակն առանձնապես չի լավացել։

Պետք է լուրջ ուսումնասիրել և հասկանալ, թե որ մոդելը կաշխատի Հայաստանում։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելը ինչ-որ մարմինների միջոցով արդյունավետ չէ։ Նախորդ իշխանությունների ժամանակ էլ ստեղծվել են նման մարմիններ, սակայն գործնականում ոչ մի բան չի փոխվել, քանի որ այդ ժամանակ չկար քաղաքական կամք։ Ներկա իշխանությունները հստակ ցույց են տալիս, որ կա մտադրություն պայքարելու երկրում կոռուպցիայի դեմ, որը փորձագետները համարում են բոլոր մեխանիզմներից, ինստիտուտներից ամենակարևորը։

Տես «Առաջին լրատվական»-ի նյութը