Ս. թ. հունիսի 10-ին Ամալյա Կոստանյանը մասնակցել է Արևելաեվրոպական հետազոտությունների գերմանական ընկերակցության, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Ռոբերտ Բոշ հիմնադրամի կազմակերպած «ԵՄ-ն ու քաղաքացիական հասարակությունը Հարավային Կովկասում. համատեղ ջանք հանուն կայուն խաղաղության» կոնֆերանսին: Բեռլինում կայացած կոնֆերանսը քննության է առել քաղաքացիական հասարակության դերը խաղաղության կառուցման նոր պայմաններում:

Կոնֆերանսը քննադատաբար է գնահատել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առջև ծառացած ինստիտուցիոնալ միջավայրը: Այն հիմք է հանդիսացել հստակեցնելու վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները` անվստահությունը փարատելու, կառավարություններին հաշվետու պահելու և ԵՄ-ի` հակամարտությունների լուծմանն աջակցելու նպատակով:

Ի թիվս այլ հարցերի, կոնֆերանսի մասնակիցներն անդրադարձել են ԵՄ-ի ներգրավվածության հիմնախնդիրներին, ներառյալ` Արևելյան գործընկերության գործիքներին, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին, հակամարտությունների լուծման նախաձեռնություններում ԵՄ-ի դերին և քաղաքացիական հասարակության ու ԵՄ միջև հաղորդակցությանը: