Ս.թ. փետրվարի 12-13-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել «Ակտիվների վերադարձը եվրասիական համատեքստում. հին մարտահրավերներ և նոր հնարավորություններ» թեմայով կոնֆերանս:

Փետրվարի 12-ին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Բաց հասարակության հիմնադրամներում «Ակտիվների վերադարձը Հայաստանում քաղաքական փոփոխությունների համատեքստում» թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության տեսակետը և ակնկալիքները ակտիվների վերադարձի վերաբերյալ:

Փետրվարի 13-ին ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում` ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովում Սոնա Այվազյանը հանդես է եկել որպես «Ակտիվների վերադարձը Եվրասիայում. ակտիվների վերադա՞րձ, թե՞ վերավճարում նոր տերերին» թեմայով պանելային քննարկման բանախոս՝ խոսելով կոռումպացված պաշտոնյաների կողմից գողացված ակտիվների վերադարձի մասին և ներկայացրել է լավագույն փորձն ու մարտահրավերները: Սոնա Այվազյանը լավատեսորեն էր տրամադրված թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանի կառավարության նոր մոտեցման հանդեպ, սակայն միևնույն ժամանակ զգուշացրել է, որ ակտիվների վերականգնման ենթակառուցվածքների մասով առկա է կարողությունների լուրջ պակաս: Թեպետ իշխանության մոտ կա կոռուպցիայի վերացմանն ուղղված լուրջ տրամադրվածություն, Սոնա Այվազյանը խոսել է վարկաբեկված դատական ​​համակարգի գոյության մասին, որը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի կողմից ձեռնարկվելիք հետագա հակակոռուպցիոն քաղաքականությունների համար:

«Հայաստանի դեպքում երկրի նախկին իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում սահմանափակում էին արտերկրյա դոնորներից ֆինանսական միջոցներ խնդրելով, մինչդեռ, միջազգային մասնագետների գնահատմամբ 2004-2013 թվականներին Հայաստանից շուրջ 9 միլիարդ դոլար է ապօրինի արտահանվել, նշել է Սոնա Այվազյանը: «Թավշյա հեղափոխությունից» հետո, կարծես թե, իրավիճակը փոխվել է. «Առաջին անգամ մենք ունենք կառավարություն, կամ, միգուցե, ճիշտ կլինի ասել, առաջնորդ, ով հետաքրքրված է արմատախիլ անելու կոռուպցիան և պատրաստ է այդ ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկել», - անդրադառնալով միջոցառմանը Սոնա Այվազյանի ելույթին՝ նշել է Ամերիկայի ձայնը:

Տե՛ս ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի) կայքը
Միջոցառման սղագրությունը, այդ թվում` Սոնա Այվազյանի ելույթի տեքստը
Ակտիվների վերադարձի Ղազախստանի նախաձեռնության կայքը
Ամերիկայի ձայնը