Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով` կառավարության ծրագրի «Պայքարը կոռուպցիայի դեմ» բաժնի դրույթները բավականին ընդհանուր ձևակերպումներով են ներկայացված: Սակայն նա հույս ունի, որ ծրագրում ներկայացված դրույթներից բխող քայլերն ավելի լավ և մանրամասն կերևա և՛ միջոցառումների ծրագրում, և՛ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների մշակման գործընթացի ժամանակ:

Ամենակարևորը կամքի առկայությունն է, որը, կարծես թե, կա: Քաղաքական կամքը պետք է արտահայտվի երկու այլ հարցերում ևս: Առաջինը ռեսուրսներ պատրաստելն է, իսկ երկրորդն այն տրամադրելը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրերն իրականացնելու համար: Առաջին հերթին պետք է տնտեսական հեղափոխություն լինի, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը` ծառայեցվի այդ նպատակին: Եթե անգամ այդ ռեսուրսները չունենանք, եթե քաղաքական կամք լինի, հնարավոր կլինի որոշակի միջոցառումներ իրականացնել:

Կարևոր է, որ հակակոռուպցիոն պայքարն ընդհանուր սոցիալ–տնտեսական, քաղաքական բարեփոխումների ածանցյալը լինի: Եվ եթե պետական պաշտոնյաների աշխատավարձերի հարցը չվերանայվի, ապա կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տորպեդահարվել միջին և ստորին օղակներում: Կարևոր է նաև, որ պետական պաշտոնյան կամ հանրային ծառայողը ոչ թե միայն թղթերով ցույց տա իր ոչ կոռումպացված լինելը, այլ բարեվարքություն դրսևորի պրակտիկ կյանքում ևս: Սա ևս շատ կարևոր է: Բացի այդ, պետական պաշտոնյան պետք է հաշվետու լինի հասարակությանը, աշխատի թափանցիկ և համապատասխան վերահսկողական մեխանիզմների ներքո: Ինչ վերաբերում է բարձր վարձատրվող պաշտոնի համար իրար կոկորդ կրծելուն՝ եթե երկրում տնտեսական հեղափոխություն լինի և գործազրկության մակարդակը զգալիորեն նվազի, ապա նման երևույթները նույնպես կվերանան»:

Տես նյութը past.am-ում