«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հրատապ խնդիրներ, լուծման ուղիներ» հաղորդաշարի` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հաղորդման ընթացքում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն անդրադարձել է ՀՀ կառավարության վարած հակակոռուպցիոն քաղաքականությանը 2003-ից առ այսօր: Թեպետ 2003-ից հայտարարվել է պայքար կոռուպցիայի դեմ` միջազգային համաթվերը ցույց են տալիս, որ հակակոռուպցիոն պայքարում առաջընթաց չի գրանցվել: Չունենալով քաղաքական կամք` կոռուպցիայի նվազեցման առումով փաստացի գործընթաց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց բացահայտում, դատապարտում, պատժելիություն տեղի չի ունեցել: Ըստ էության` Հայաստանում եղել է լճացման գործընթաց և կոռուպցիան տասնյակ տարիներ գործել է անպատիժ կերպով:

Ներկայումս` քաղաքական մեծ կամքի առկայության պարագայում հնարավոր է, որ նախկինում ստեղծված օրենքները վերանայվեն, միգուցե շատ ավելի հավակնոտ առաջարկություններ կարելի է անել, գործառույթներ նախատեսել կամ իրավասություններ քննարկել ու վերանայել: Ամեն դեպքում նման գործընթաց դեռևս չի ընթանում: 2018թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծն արժանացել է հայաստանյան ՀԿ-ների քննադատությանը՝ նախագծում առկա մի շարք բովանդակային և կառուցվածքային թերությունների պատճառով: Սոնա Այվազյանը հուսով է, որ բազմաթիվ բացասական արձագանքները կներառվեն առաջարկությունների մեջ, ռազմավարությունը կվերանայվի և ի վերջո կընդունվի:

Նախորդ կառավարության օրոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհրդի ձևավորման համար ստեղծվել էին հասարակության մասնակցության իմիտացիոն գործընթացներ: Պետք է ստեղծվեր մրցութային խորհուրդ, որն ընտրեր այդ հանձնաժողովի անդամներին: Այնտեղ կային ՀԿ-ներին հատկացված տեղեր` ՀՀ հանրային խորհուրդ, որն ինքնին վիճահարույց կառույց է, և ՀՀ փաստաբանների պալատ, որի մասնակցությունը դրանում անհասկանալի է: Նոր իշխանությունը չպետք է գնա այդ ճանապարհով, այլ պետք է փոփոխություն մտցնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքի մեջ: