Ս.թ. հունիսի 9-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը հանդես է եկել բանախոսությամբ Բրյուսելում կայացած սեմինարի` մարդու իրավունքներին և քաղաքացիական հասարակությանը նվիրված փորձագիտական քննարկման ընթացքում: Քննության են առնվել քաղաքական կոռուպցիան, իրավախախտումները, քաղաքացիական հասարակության և կառավարության համագործակցությանն ու լրատվամիջոցներին առնչվող խնդիրներ: Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի կողմից կազմակերպված սույն միջոցառման ընթացքում առաջատար իրավապաշտպաններն ու քաղաքական մեկնաբանները փորձագիտական վերլուծության են ենթարկել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:

Մարդու իրավունքներին և քաղաքացիական հասարակությանը նվիրված նիստի ընթացքում զեկուցումներով հադես են եկել նաև Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ - Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Բանախոսներ Ստեփան Գրիգորյանը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնից, Ալեքսանդր Իսկանդարյանը Կովկասյան ինստիտուտից, Ռիչարդ Կիրակոսյանը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից և Թևան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնից արծարծել են աշխարհաքաղաքական իրավիճակը` համապատասխանաբար անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, պրագմատիկ քաղաքականությանն ընդդեմ պատմական սահմանափակումների` հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում և Արևելյան գործընկերությանը:

Սեմինարի ավարտին ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարը: