Գլխավոր էջ Նորություններ Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար. ԹԻՀԿ առաջարկությունները
Նորություններ
2019 Փետ
4

Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար. ԹԻՀԿ առաջարկությունները

Սույն փաստաթղթով ներկայացվում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) առաջարկները Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին և Կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու և հաջողություններ ամրագրելու նպատակով:

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ակնկալվող փոփոխությունները

2003թ.-ից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «պայքար կոռուպցիայի դեմ»՝ միանալով մի շարք միջազգային պայմանագրերի ու ցանցերի, մշակելով և իրականացնելով երեք հակակոռուպցիոն ռազմավարություն և հարյուրավոր միջոցառումներ: Սակայն, ո՛չ միջազգային կազմակերպությունների ցուցանիշներով ու համաթվերով և ո՛չ էլ տեղական հարցումների կամ դիտարկումների տվյալներով, կոռուպցիան մեր երկրում չի պակասել:

2018թ․ գարունը Հայաստանում նշանավորվեց ժողովրդական հեղափոխությամբ, որի շարժիչ ուժը քաղաքացիների ձգտումն ու ծարավն էր արդարության նկատմամբ և նրանց կուտակված դժգոհությունը կոռումպացված ու ամբարտավան իշխանություններից։ Նույն թվականի սեպտեմբերի՝ Երևան քաղաքի ավագանու և դեկտեմբերի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, ի լրումն մի շարք սոցիոլոգիական հարցումների տվյալների, ցույց տվեցին քաղաքացիների ճնշող մեծամասնության վստահությունը հեղափոխությունն առաջնորդող քաղաքական ուժի նկատմամբ՝ այդպիսով նաև հավաստելով նրանց ակնկալիքները տվյալ ուժից՝ Հայաստանում արդարություն հաստատելու, այդ թվում՝ կոռուպցիան արմատախիլ անելու առումով։

Կոռուպցիան վերացնելու առումով քաղաքական կամքի իսպառ բացակայության պարագայում նախորդ կառավարությունն, այնուամենայնիվ, ձեռնարկել է մի շարք քայլեր այդ ուղղությամբ՝ իրականացրելով մի շարք միջոցառումներ և արձանագրելով որոշակի առաջընթաց, մասնավորապես՝ հակակոռուպցիոն քաղաքականության հիմքերի ստեղծման առումով։ Ավելորդ է ասել, որ ակնկալիքները նոր ղեկավարությունից անհամեմատ ավելի մեծ են, և ուստի նրա հակակոռուպցիոն ծրագիրը պետք է լինի ավելի հավակնոտ ու ծավալուն։

Նոր կառավարության կոռուպցիայի դեմ պայքարն իր առջև պետք է նպատակ դնի խնդիր՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում հասնելու հետևյալ փոփոխություններին․

  1. կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների և հաստատությունների լայն ներգրավվածության ապահովում,
  2. հանրային բացարձակ անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ,
  3. կառավարման բոլոր մակարդակներում թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծում,
  4. իշխանության բոլոր ճյուղերում հայեցողական որոշումների հնարավորությունների առավելագույն սահմանափակում և վերահսկողության ուժեղացում,
  5. կոռուպցիան կանխարգելելու և բացահայտելու համար իրավասու կառույցների համար պատշաճ ռեսուրսների, կարողությունների ու գործիքակազմի ապահովում,
  6. կոռումպացված անձանց պատժելիության անխուսափելիություն:

Այս փոփոխությունները կերաշխավորեն կոռուպցիայի ընկալման տարբեր ցուցանիշների ու համաթվերի բարելավումը։  
Տես ԹԻՀԿ առաջարկությունների ամբողջական տեքստը` Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար