Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ArmDay.am-ի հետ զրույցում անդրադարձել է մարզպետների կողմից պարգևավճարների տրման շուրջ առաջացած դժգոհություններին, նշելով, որ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կարող է 6-7 ամիս աշխատած մարդը 13-րդ աշխատավարձ ստանալ։

Չնայած իշխանությունների, մասնավորապես Լիլիթ Մակունցի և այլոց պնդումներին, թե ամեն ինչ արված է օրենքի շրջանակներում, օրենքի սահմաններում արած ամեն բան չէ, որ զերծ է կոռուպցիոն ռիսկերից։ Ըստ Հոկտանյանի` «Որոշ «մտահոգ» մարդիկ կարող են կարծել, թե սա կապված է ընտրությունների հետ, այսինքն, մարդիկ վաստակել են դա և հիմա էլ վարձատրվում են։ «Ոչ մտահոգներին» դժվար կլինի հերքել դա։ Կոռուպցիոն ռիսկն առկա է, բայց պետք է մատնանշել, թե որքանով է դա դրսևորվել։ Ասել, որ օրենքի սահմաններում է, բավական չէ, իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցով: Այն ժամանակ, երբ բյուջեն թալանում էին, բացահայտ ասու՞մ էին՝ օրենք ենք խախտում, կամ կաշառք վերցնելիս` հայտարարագրու՞մ էին։ Դրա համար գոյություն ունի իրավապահ մարմին, հանցագործությունը բացահայտ չի արվում»։

ArmDay.am-ի հարցին՝ նախկինում նույնպե՞ս ԹԻՀԿ-ն արձագանքում էր նմանատիպ երևույթներին, Հոկտանյանը պատասխանել է, որ նախկինում կային ավելի լուրջ երևույթներ, որոնց մասին ԹԻՀԿ-ը բարձրաձայնում էր։ Հեղափոխությունից հետո մարդկանց սպասելիքները նոր իշխանություններից այլ են, հիմա հանրությունն ավելի պահանջկոտ է: Հոկտանյանը հույս է հայտնել, որ իշխանությունները դաս կքաղեն հասարակության արձագանքից, և այլևս նման բան չի կրկնվի։ Ի պատասխան ArmDay.am-ի դիտարկմանը, որ իշխանությունները որոշ արատավոր երևույթներ են ժառանգել նախորդներից, Հոկտանյանն ընդգծել է, որ մեկ անգամը բավական չէ եզրակացություն անելու համար, կրկնվելու դեպքում կարող են դա փաստել։

Տես ArmDay.am-ի նյութը