2018թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծն արժանացել է հայաստանյան ՀԿ սեկտորի սուր քննադատությանը՝ նախագծում առկա մի շարք բովանդակային և կառուցվածքային թերությունների պատճառով: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ:

Հոկտանյանը նշում է, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը պետք է արմատապես փոխվի` այն շատ դեկլարատիվ է գրված: Համակարգային կոռուպցիայի դեմ պետք է համակարգային պայքար` կապելով տնտեսական, սոցիալական, վարչական բարեփոխումների հետ: Փաստաթղթից չի հասկացվում, թե ինչն է համարվում գերակա: Ուրիշ ուղերձներ պետք է լինեին, քան այն, ինչ տեսանք: Ի վերջո, կոռուպցիայի ծանր իրավիճակն էր, որ բերել էր այս պայթյունին:

«Սա ինձ համար բավականին անհասկանալի փաստաթուղթ է, չեմ զարմանա, եթե իմանամ, որ վերևներում սրա մասին տեղյակ չեն»,- նշել է Հոկտանյանը և հավելում, որ ստեղծվել է տպավորություն, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղվում ձախ ձեռքը:

Տես ԳԱԼԱ-ի նյութը