Շարունակվում են քննարկումները և քննադատությունները Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ միջոցառումների ծրագրի նախագծի շուրջ: Հաճախ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը, սկսած «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրից, հեղափոխությունից և վերջացրած ԱԺ արտահերթ ընտրություններով, պնդել է, որ անհրաժեշտ է ստեղծել հակակոռուպցիոն մեկ միասնական, անկախ, ունիվերսալ մարմին: Կարծիք կա, որ ներկայացված նախագիծն ավելի շուտ իրավապահ և կանխարգելիչ գործառույթներ իրականացնող մարմին ստեղծելու մասին է, քան ունիվերսալ անկախ մարմին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցել են արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ ԹԻՀԿ մոտեցումը: «Մեր մոտեցումն արտացոլված է ներկա ռազմավարության նախագծում, դա տարանջատված մոդելն է՝ կազմված մասնագիտացված իրավապահ (ՀՔԾ-ի հիմքի վրա) և մասնագիտացված կանխարգելիչ մարմիններից»: Հոկտանյանի կարծիքով՝ ապակենտրոնացված մոդելը Հայաստանի համար չաշխատեց, բայց այնպես չէ, որ միանգամից ունիվերսալ մոդելին գնալը լավագույն լուծումն է. «Անհրաժեշտ պայման է քաղաքական կամքը, բայց կան նաև ռեսուրսների, ինստիտուցիոնալ անցյալի հետ կապված խնդիրներ:

Պահանջվելու է կառուցվածքային փոփոխություններ իրավապահ համակարգում, կանխարգելիչ մարմիններում: Դասական օրինակը Սինգապուրն է, բայց քաղաքական տեսանկյունից Սինգապուրը ավտորիտար պետություն է: Մենք պետք է վստահ լինենք, որ անցումը ժողովրդավարությանը իսկապես կայացած է: Քաղաքական ռիսկեր ենք տեսնում»:

Տես «Առաջին լրատվական»-ի կայքը