Past.am-ն անդրադառնալով www.e-draft.am կայքում հրապարակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծին, նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության նախագծի քննարկման համար դեկտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառման մասնակիցներին նախօրոք չի տրամադրվել առաջարկվող տարբերակը: Այդ է պատճառը, որ կազմակերպություններից շատերը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Քննարկումից ժամեր անց, սակայն, այն տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, որի բովանդակության մոտ կեսը վերաբերում է հակակոռուպցիոն 3-րդ ռազմավարության դեռ չավարտված ծրագրերին տրված գնահատականներին:

Past.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է. «Հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է բխի կառավարության ընդհանուր գործողություններից, ռազմավարությունից, ոչ թե հակառակը: Եվ ճիշտ կլիներ, որ այս հարցում նման շտապողականություն չցուցաբերվեր: Եթե այն նախապես կազմակերպությունների կողմից լուրջ քննարկվեր, նման բովանդակություն ունեցող փաստաթուղթ շրջանառության մեջ չէր դրվի: Այն պետք է արմատապես փոխել և բոլորովին նոր բովանդակություն ունեցող փաստաթուղթ դնել շրջանառության մեջ: Ի դեպ, 4-րդ ռազմավարությունը մշակելու մասին որոշում կար դեռևս 2018-ի հունվարից և այն ժամանակ էլ մենք առաջարկեցինք 3-րդի ավարտից հետո նորը մշակել: Այն ժամանակ էլ անհասկանալի էր, թե ինչն էր նման շտապողականության պատճառը, բայց փաստորեն, նախորդների մոտեցումը շարունակվեց նաև թավշյա հեղափոխությունից հետո՝ նոր իշխանությունների կողմից: Իսկ թե ինչո՞ւ, դրա պատասխանը պետք է նոր իշխանությունները տան»:

Տես Past.am-ի նյութը