Ս.թ. մայիսի 15-ին Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման հյուրեր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը անդրադարձել են վերջին շրջանում հրապարակված մի քանի զեկույցների, որոնցում գնահատական է տրված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացմանը և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրով (ԵՀՔ ԳԾ) Հայաստանի ստանձնած այլ պարտավորությունների կատարմանը:

Հաղորդումը, որ վարում էր Աննա Իսրայելյան, մասնավորապես անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ս.թ. մայիսի 12-ին լույս ընծայված Հայաստանի` ԵՀՔ կատարմանը նվիրված և մայիսի 6-ին դարձյալ Բրյուսելում հրապարակված ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության ԵՄ ԵՀՔ հակակոռուպցիոն մոնիտոնգի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հակակոռուպցիոն պարտավորությունների կատարմանը նվիրված զեկույցներին, որտեղ գնահատական է տրվել արդարադատության և քաղծառայության, ինչպես նաև ԳՐԵԿՕ-ի պարտավորությունների կատարման ոլորտում արձանագրված առաջընթացին:

Ամալյա Կոստանյանի կարծիքով մարդու իրավունքների, լրատվամիջոցների անկախության և հավաքների ազատության ու կոռուպցիայի դեմ պայքարի կամ ավելի լայն` արդյունավետ կառավարման տեսանկյունից նույնիսկ օրենսդրական դաշտում այնքան էլ մեծ առաջընթաց չի արձանագրվել: Անգամ ամենափայլուն հակակոռուպցիոն ծրագրի, օրենքի կամ կարգերի առկայության պարագայում, իրականացումն արդյունավետ չէ: Որոշ քաղաքական ինստիտուտներ, օրինակ, դատավորները կամ դատական համակարգը դեռ շատ մեծ ազդեցության են ենթարկվում, էլ չասած քաղաքացիական ծառայությունը, այսինքն իշխանության տարբեր ճյուղերի անկախությունը բացարձակապես չի ապահովվում: Շահերի բախման հարցը ընդհանրապես կարգավորված չէ Հայաստանում: Առաջընթաց չկա ընտրությունների գծով ևս: Երևանի վերջին ընտրություններին ԹԻՀԿ-ն ականատես է եղել բազմաթիվ անօրինականությունների:

Լուրջ ձեռքբերումների մասինկարող ենք խոսել, եթե հաջորդ ընտրությունները լինեն ավելի թափանցիկ, ընթանան բարոյական մթնոլորտում և լինեն պակաս կեղծված: Արդյունավետ կառավարումն ու կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում են կամ ավարտվում են ընտրությունների ընթացքում:

Մանրամասների համար կարող եք այցելել Ազատություն ռադիոկայանի վեբ կայքը`
http://www.armenialiberty.org/video/7606.html,
http://www.armenialiberty.org/video/7605.html,
http://www.armenialiberty.org/video/7604.html հասցեներով: