«Առաջին լրատվական»-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է 2019-ին իրականացվելիք հակակոռուպցիոն ծրագրերից, թե որքանո՞վ կարող է կենսունակ լինել ձևավորվելիք հակակոռուպցիոն մարմինը, առանց դատական համակարգի առողջացման՝ որքանո՞վ է հնարավոր իրական պայքար կոռուպցիայի դեմ և այլն:

Ըստ Հոկտանյանի` եթե կա քաղաքական կամք, ինչը հիմա կա և ծրագիր, թե ինչ տնտեսական, քաղաքական, վարչական բարեփոխումներ պետք է իրականացվեն երկրում, որպես ածանցյալ կբխի անկախ մարմնի «ճարտարապետությունը»։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2017թ. հունիսին, սակայն մինչև հիմա այն չի ձևավորվել։

  • Առաջին քայլը կլինի, եթե նոր խորհրդարանն ընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 հոգուց բաղկացած անդամներին։
  • Հաջորդ քայլը մասնագիտացված իրավապահ մարմնի ստեղծումն է: Մասնագիտացված իրավապահ մարմին կարող է ստեղծվել ՀՔԾ հիմքի վրա։
  • Ինչ-որ չափով պետք է համակարգվի նաև երրորդ բաղադրիչի իրականացումը՝ հանրային աջակցության, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման աշխատանքները։

Հոկտանյանի կարծիքով` չկա այդպիսի դեպք, իրավիճակ, երբ պայքարում ես կոռուպցիայի դեմ, բայց տնտեսական համակարգը մնում է նույնը։ Եթե դատական համակարգում բարեփոխումներ չլինեն, չեն լինի նաև հակակոռուպցիոն բարեփոխումներ։ Եթե դատական համակարգը անկախ չէ, չի կարող լինել կոռուպցիայի ցածր մակարդակ։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց այս ամենը կարևոր կլինի այդ գործընթացները ներդաշնակեցնելու տեսանկյունից. չկենտրոնանալ մեկի վրա՝ մոռանալով մյուսները։

Տես «Առաջին լրատվական»-ի նյութը