Անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ հայտարարությանը, «Ազատությունը» նշում է, որ քաղաքացիական հասարակությունը խստորեն քննադատում է նախագիծն ու պահանջում կասեցնել դրա ընդունման գործընթացը: Ըստ քաղաքացիական հասարակության՝ հակակոռուպցիոն ռազմավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է վերանայվի` շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։ «Ազատություն» հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը կարծում է՝ նոր կառավարության հակակոռուպցիոն քայլերը պետք է տեղ գտնեն նաև ռազմավարության մեջ։

Ըստ Սոնա Այվազյանի` կոռումպացված անձանց բռնելը, պատժելը և այլն, շատ կարևոր քայլեր են, և քաղաքացիական հասարակությունը բարձր է գնահատում ներկայիս կառավարության` պատժելիությունն ապահովելուն ուղղված ջանքերը, որ նախկինում չեն գործադրվել, և չի կանխարգելվել նաև կոռուպցիայի տարածումը: Գնահատելով հանդերձ, հակակոռուպցիոն քաղաքականությունը շատ ավելի լուրջ մոտեցում է պահանջում։ Նա ակնկալում է, որ այս գործընթացը պետք է կասեցվի, այսինքն` ընթացք չտրվի քննարկման ներկայացված փաստաթղթին։ Այն շատ արագ կարգով պետք է վերանայվի նաև քաղհասարակության ներգրավմամբ և նոր միայն ընդունվի։

Այվազյանի կարծիքով` այս անգամ ռազմավարությունը կազմելիս` քաղհասարակությանն ավելի քիչ են ներգրավել, քան անցած ռազմավարությունները քննարկելու ժամանակ: ԹԻՀԿ ներկայացրած առաջարկությունները հաշվի չեն առնվել: Նախագիծը դեկտեմբերի19-ին ներկայացվել է մի խումբ հասարակական կազմակերպությունների շրջանում և նույն օրն էլ տեղադրվել է e-draft կայքում, առաջարկությունների համար տրվել է 14 օր, որոնց մեծ մասը տոնական ու ոչ աշխատանքային օրեր են եղել:

«Հեղափոխությունից հետո մենք գիտեինք, որ հակակոռուպցիոն ռազմավարություն է մշակվում և նաև առաջարկություններ ենք ներկայացրել և սպասում էինք, որ ինչ-որ պահի պետք է լինի որևէ նախագիծ` աշխատանքային փաստաթուղթ, որի շուրջ կարող ենք քննարկումներ անել։ Բայց այնպես ստացվեց, որ աշխատանքային փաստաթղթին չծանոթացանք: Քաղհասարակությունը, փաստորեն հնարավորություն չունեցավ աշխատանքային փաստաթղթին որևէ ներդրում ունենալու, և այդ նյութը միանգամից դրվեց e-draft կայքում», - ընդգծել է Սոնա Այվազյանը։

Մանրամասների համար տես «Ազատության» կայքը