Ս.թ. մայիսի 12-ից 15-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած ԹԻ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ամենամյա համաժողովին: Մայիսի 12-ին նա ներկա է եղել «Խոչընդոտել կոռուպցիան. արդյո՞ք ԵՄ-ն խթանում է կայուն հակակոռուպցիոն բարեփոխումներին» միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում քննարկված հիմնահարցերից էին ԵՄ-ն և միջազգային ֆինանսական օգնությունը. ինչպե՞ս ապահովել թափանցիկություն, թափանցիկությունը կուսակցությունում, տեղական ինքնակառավարման ֆինանսավորումը և անկախ դատական համակարգը որպես կոռուպցիայի կրճատման երաշխի՞ք:

Կոնֆերանսի ընթացքում ծավալվել է քննարկում` արդյունավետ կառավարումն ու հակակոռուպցիոն բարեփոխումները որպես Եվրամիությանն անդամակցության գործընթացի էական մաս թեմայով`քննության առնելով, թե որքան կայուն կարող են լինել ընթացող բարեփոխումները, և ինչպես կարելի է հակակոռուպցիոն չափանիշներին նպաստել ԵՄ-ում և նրանից դուրս: Միջոցառումը կազմակերպվել էր ԹԻ, Ալբանիայի կառավարության և ԹԻ Ալբանիայի կողմից: Համաժողովի պատվիրակներին ողջունել է ԹԻ Ալբանիայի գործադիր տնօրեն Լուտֆի Դերվիշին: Բացման և փակման խոսքով հանդես է եկել ԹԻ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն դ-ր Միկլոշ Մարշալը: Ալբանիայի առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում թեմայով հիմնական զեկուցողը Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան էր:

Տարածաշրջանային համաժողովի հաջորդ մի քանի օրը նվիրված էր ԹԻ նոր` 2015թ. ռազմավարության քննարկմանը: Ռազմավարության նպատակն էր օժանդակել 2010թ. ԹԻ համատեղ ձգտումների, շարժման հիմնական ծրագրային և կազմակերպական խնդիրների ձևակերպմանը առաջիկա 5 տարիների ընթացքում, և հանդես գալ շարժման լրամշակված առաքելության հրապարակմամբ: Կոնֆերանսի վերջին օրը մասնակիցները ներկա են եղել թեմատիկ աշխատանքային հանդիպումների, ինչպես նաև կապերի հաստատմանը և ցանցերի ձևավորմանն ուղղված և հարց ու պատասխանին նվիրված նիստերին: