Ս.թ. մայիսի 14-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը մի խումբ երիտասարդ ակտիվիստների, բնապահպանների ու այլ ՀԿ ներկայացուցիչների հետ մասնակցել է շինհրապարակի վերածված Ուսանողական այգու կառուցապատման դեմ բողոքի լուռ ակցիային: Նախաձեռնող խմբի պահանջն էր դադարեցնել Տերյան փողոցին հարող հատվածում, Ազգային գրադարանի դիմաց, և Աբովյան փողոցի կողմից վերջերս տեղադրված Վիկտոր Համբարձումյանի արձանի հարևանությամբ շինարարությունը, վերականգնել այգին և վերադարձնել այն իրական տերերին` Երևանի բնակիչներին:

Ակցիայի մասնակիցները ձեռք ձեռքի տված կենդանի պատ էին կազմել «Դադարեցրեք», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Վերադարձրեք մեր այգին», «Ոչ բետոնացմանը» կարգախոսներով պաստառներով: «Ազատություն» ռադիոկայանին տրված իր մեկնաբանությունում ակցիային մասնակից ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ասել է. «Միշտ ուրախ եմ, որ դեռ մեր երկրում կան մարդիկ, որոնց համար հանրային շահերը ավելի բարձր են, քան իրենց նեղ անձնական շահերը»:

Նախքան ակցիան նախաձեռնող խումբը հանդիպել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ` ներկայացնելով իրենց պահանջը: Ավելի քան 16 000 քաղաքացի ստորագրել է այդ պահանջի տակ: Ստորագրահավաքի արդյունքները կուղարկվեն ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետին: