2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համատեքստում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունն, որը հիմնվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից, իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն Հայաստանի ամբողջ տարածքում: Նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի երկարաժամկետ դիտորդական առաքելության դիտարկման արդյունքներն ամփոփված են սույն միջանկյալ զեկույցում:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլն, ընդհանուր առմամբ, ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչն էապես տարբերվում է նախորդ տարիների համապետական ընտրությունների նույն ժամանակահատվածից: Արձանագրվել է լրջագույն առաջընթաց վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների նվազման առումով:

Ընտրությունների կազմակերպման գործընթացներն, ընդհանուր առմամբ, ընթանում են բավարար մշակված և սահուն ընթացակարգերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) գործունեություն, որպես կանոն, թափանցիկ է, բայց որոշ տեղեկություններ չեն հրապարակվում «բաց տվյալներ» ձևաչափով, ինչը կարող էր նպաստել լրացուցիչ հանրային վերահսկողությանը: ԿԸՀ նիստերի ընթացքում քննարկումներ տեղի չեն ունենում, բոլոր որոշումներն ընդունվում են միաձայն, ինչը խնդրահարույց է: Դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման ընթացակարգերը և պրակտիկան ունեն բազմաթիվ թերություններ, որ մի կողմից ստեղծում են խոչընդոտներ կազմակերպությունների համար, մյուս կողմից չեն ապահովում ԿԸՀ համապատասխան վարչարարության արդյունավետությունը: ԿԸՀ-ն պատշաճ չի իրականացնում իր գործառույթները և չի բացառում քաղաքականապես կողմնորոշված դիտորդական խմբերի ներգրավումը՝ դրանով վտանգելով անկախ և անկողմնակալ դիտորդության ինստիտուտը:

Տարածքային ընտրական հանձնաժողովները գործում են ոչ բավարար պրոֆեսիոնալ: Նաև դրանք զրկված են ժամանակակից տեխնիկական միջոցներից, ինչը չի նպաստում դրանց արդյունավետությանն ու հետագա կատարելագործմանը: Տեղամասային հանձնաժողովների վերապատրաստումն, ընդհանուր առմամբ, բավարար է, թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված խրթին ընտրական գործընթացները հաշվի առնելով, դրանց համար հատկացված ժամանակը բավարար չէր հանձնաժողովի նոր անդամներին պատշաճ նախապատրաստելու համար:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս քարոզչության կարգավորման բացակայությունը ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար: Նախընտրական քարոզչական նյութերի տարածման ընթացքում կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ամբողջովին անտեսել են օրենքով նախատեսված կանոնները: Քարոզչության համար սահմանված կանոնները պատշաճ չեն վերահսկվում իրավասու մարմինների կողմից և չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ՝ ձախողելով ապահովել պատշաճ մրցակցությունը:

Ընտրակաշառքի և «բարեգործության» պրակտիկան համարյա վերացվել է՝ չնայած եղել են առանձին դեպքեր ու ահազանգեր այդ առնչությամբ:

Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի քանակը և տարածումը եղել են զգալիորեն ավելի փոքր 2017թ. խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Առհասարակ, տվյալ կոնցեպտի վերաբերյալ առկա են հանրային պաշտոնյաների ոչ լիարժեք ընկալման խնդիրներ:

Նախընտրական քարոզչությունը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպվող նախընտրական, կենդանի ռեժիմով հեռարձակվող մրցակից քաղաքական ուժերի բանավեճով: Լրատվամիջոցների կենտրոնացումը հիմնականում երկու քաղաքական ուժերի միջև տեղի ունեցող ընտրամարտի վրա հետին պլան է մղել կուսակցությունների ծրագրերը և դրանց մեջ Հայաստանի քաղաքացիների տարբեր խնդիրների վերաբերյալ առաջարկները: Անհանգստացնող են քարոզչության ընթացքում բազմիցս հնչող վիրավորական արտահայտությունները, սպառնալիքներն ու ատելության խոսքը, ինչը չի կարող նպաստել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ձևավորմանը:

«Ականատես»-ի նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը և դրանց նկատմամբ հանրային անկողմնակալ հսկողությանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: Առաքելության գործընկերն է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

Սույն առաքելությունն իրականացվում է Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Սույն փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական առաքելությունը ու դրա անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների տեսակետները:

Ամբողջական զեկույցը տես ԹԻՀԿ կայք էջում