ԱԺ արտահերթ ընտրություններին ընտապայքարի, ուժերի դասավորվածության թեմայով ս.թ. նոյեմբերի 27-ին Հոդված 3 ակումբում կազմակերպվել է քննարկում «Ընտրապայքար. ուժերի դասավորվածությունը և քաղաքացիական հասարակության ակնկալիքները» թեմայով: Քննարկման բանախոսներն են Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ըստ Հոկտանյանի` հեղափոխություններից հետո որպես կանոն էյֆորիայի ալիքը թույլ չի տալիս, որ լինի լուրջ գաղափարական պայքար։ Էական է հասկանալ, թե ինչ է առաջարկում հաղթող ուժը, և որքանով մյուս քաղաքական ուժերը կկարողանան հակադարձել կամ այլընտրանքներ առաջարկել հակակոռուպցիոն քաղաքականության հարցերում: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ մնացած ուժերը պայքարում են ոչ թե հաղթանակի, այլ խորհրդարանում հայտնվելու համար։

Խոսելով հակակոռուպցիոն քաղաքականության մասին, Հոկտանյանը նշել է, որ իշխող քաղաքական ուժի կողմից հիմնականում եղել է ուժային մեթոդներով կոռուպցիայի նվազեցում: Հայաստանում համակարգային կոռուպցիա է տիրում նախորդ վարչակարգի օրոք, և ամեն ինչ արվում է, որ այդ համակարգային կոռուպցիայի նախապայմանը` կոռուպցիոն բուրգը վերացվի. բուրգի գագաթը չկա, և գնում է դեպի անկում: Նա հույս է հայտնել, որ ընտրություններից հետո իսկապես կլինի համակարգային պայքար` կոռուպցիայի կանխարգելում, հանրության կրթում, անհանդուրժողության մթնոլորտի ձևավորում, ինստիտուցիոնալ համակարգի ստեղծում, այս ուղղությամբ կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային մոտեցումներում հստակ ձևակերպումներ առայժմ չի տեսնում ոչ մեկի մոտ:

Նա նաև նշել է, որ մտավախություն ունի, որ երկրում ինչպես չէր կայացել, այնպես էլ կարող է չկայացած մնալ բազմակուսակցական համակարգը: