168.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է միջազգային այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները միջազգային չափանիշերով վարչական ռեսուրսի չարաշահում են։ Թեև ՀՀ օրենսդրությամբ «վարչական ռեսուրսի չարաշահում» կոնցեպտը սահմանված չէ, միջազգային չափանիշերով նախընտրական շրջանում Փաշինյանի մարզային այցերը կարելի է դիտել որպես վարչական ռեսուրսի չարաշահում, եթե այդ այցերի ժամանակ աշխատանքային ժամերին նա իրականացրել է քարոզչություն:

«Այստեղ հիմնական խնդիրը սա է. Մարտունիում դպրոցի բացում էր եղել, որին ներկա էին հանրային ծառայողներ, պետական հիմնարկների աշխատողներ, դա տեղի էր ունենում աշխատանքային ժամին, և այդ միջոցառման ժամանակ` լսելով, թե ինչ է ասել Փաշինյանը, կարող եմ արձանագրել, որ իրականացվել է նաև քարոզչություն։ Ես հիմնական շեշտը դնում եմ նրա վրա, որ դա եղել է աշխատանքային ժամին։ Ասել եմ ու կասեմ, որ կոնկրետ այդ էպիզոդը չարաշահում էր»։

Ըստ այդմ` ԵԱՀԿ-ի կոպենհագենյան փաստաթղթի (1990թ.) 5.4 պարագրաֆում նշված է, որ պետք է լինի հստակ տարանջատում պետության և քաղաքական կուսակցությունների միջև, կուսակցությունները չպետք է սերտաճեն պետության հետ։ Սրա հիմքի վրա հետագայում սահմանվել է՝ ինչ բան է պետական (վարչական) միջոցների չարաշահումն ընտրությունների ժամանակ: Դա իշխող կուսացությունների կամ թեկնածուների կողմից հանրային (պետական, համայնքային) միջոցների չարաշահումն է՝ ստանալու համար ոչ հիմնավոր առավելություն ընտրությունների ժամանակ։ Իշխող կուսակցություններն արդեն իսկ ունեն առավելություն վարչական միջոցների (ռեսուրսի) կիրառման տեսանկյունից (քանի որ միայն նրանք են այդպիսի ռեսուրսի տիրապետում), և դրա համար ընդունված է տարանջատել դրա չարաշահումն օգտագործումից»,- պարզաբանել է Հոկտանյանը։

Հոկտանյանը նաև հղում է կատարել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2015թ. (Handbook for the Observation of Campaign Finance. OSCE/ODIHR 2015. ISBN 978-92-9234-903-5) հրապարակված «Նախընտրական քարոզչության դիտարկման ձեռնարկի» 2-րդ գլխի G բաժնին (22-23-րդ էջեր), որը նվիրված է վարչական ռեսուրսի չարաշահմանը:«Այնտեղ մասնավորապես նշված է. «Ընդհանուր հիմնախնդիրները, որոնք պետք է ենթարկվեն դիտարկման, ներառում են պետական հիմնարկությունների և մեքենաների օգտագործումը քարոզչություն անելու նպատակով, հանրային ծառայողների ներգրավումը քարոզչության մեջ նրանց աշխատանքային ժամերին»:

Միջազգայնորեն ընդունված լավ գործելակերպերի (good practices) համաձայն` այդպիսի չարաշահում չպետք է լինի նաև նախընտրական քարոզչության` օրենքով սահմանված ժամանակահատվածից դուրս, ներառյալ՝ մինչև պաշտոնական քարոզչության սկիզբը` սկսած ընտրությունների անցկացման մասին իրավական ակտի (մեր դեպքում` ՀՀ նախագահի հրամանագրի) հրապարակման օրվանից։

Ինչ վերաբերում է արդեն տեղադրված նախընտրական պաստառներին, ըստ Հոկտանյանի`այդտեղ վարչական ռեսուրսի չարաշահում չկա։

«ՀԿ-ների համար կա նախընտրական քարոզչության ֆինանսավորման մոնիտորինգի ձեռնարկ, որի 98-րդ էջում ինստիտուցիոնալ վարչական ռեսուրսների չարաշահման օրինակներ են բերված: Դրանցից են աշխատանքային ժամերին քարոզչություն անելը, պետական կառույցների մեքենաները քարոզչության համար օգտագործելը, և այլն: Նշված է նաև ընտրությունների հետ առնչություն չունեցող միջոցառումների ժամանակ քարոզչություն անելը։ Փաշինյանը կարող է ասել, որ այդպես չէ, բայց ես դա այդպես եմ համարում: Քարոզչության մի տեսակն էլ հակաքարոզչությունն է։ Որոշ հանրապետականներ իրենց իշխանության տարիներին ասում էին՝ մենք չենք ասում՝ գնացեք, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, բայց դա կարելի է ոչ ուղղակի ասել, կամ սևացնել մյուս կուսակցություններին»,- ասել է Հոկտանյանը։

Վարուժան Հոկտանյանը, սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ձեռնարկին հղում անելով (տե՛ս ձեռնարկի 22-րդ էջը)՝ նշել է, որ վարչապետի պաշտոնակատարի և այլ պաշտոնատար անձանց արձակուրդ գնալը կկանխարգելեր վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումները։

Տես 168.am-ի նյութը