Ampop.am-ն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործունեությանը, որը դիտորդություն է իրականացնում «Ականատես» դիտորդական նախաձեռնության կազմում: «Ականատես»-ի՝ ԱԺ ընտրությունների երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է նոյեմբերի 5-ից` 36 դիտորդները ժամանակ առ ժամանակ հանրությանը կիրազեկեն իրենց իրականացրած դիտարկումների մասին:

ԹԻՀԿ-ի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը վստահեցնում է, որ ցանկացած վարչական ռեսուրսի չարաշահման, կաշառքի կամ բարեգործության դեպք իրենց դիտորդների կողմից կարձանագրվի և հայց կներկայացվի համապատասխան մարմին: Պետրոսյանը հույս է հայտնել, որ անփոփոխ մնացած Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) և ԿԸՀ-ի անփոփոխ կազմն ընտրություններին խոչընդոտող հանգամանք չեն լինի:

«Հանձնաժողովի նույն կազմն ու անփոփոխ ԸՕ-ը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ևս եղել են, բայց եթե համեմատական անցկացնենք նախորդ տարիների ընտրությունների հետ, ապա տարբերությունը բավականին մեծ է։ Այս ընտրություններում խախտումները դրվագային էին, համակարգված բնույթ չէին կրում, ինչպես, օրինակ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր»,- նշել է Պետրոսյանը։ Ընտրությունների օրը` դեկտեմբերի 9-ին, «Ականատես» դիտորդական նախաձեռնության շուրջ 700 կարճաժամկետ դիտորդ դիտարկում կանցկացնի ՀՀ շուրջ 300 ընտրատեղամասերում:

Տես Ampop.am-ի նյութը