«Առաջին լրատվական»-ի հետ ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը զրուցել է ընտրությունները ընտրակաշառքից զերծ պահելու, գործող Ընտրական օրենսգրքով ռեյտինգային թեկնածուների ազդեցության պարագայում քաղաքական ճգնաժամը հաղթահարել կարողանալու, մարզային այցելություններով վարչական ռեսուրս կիրառելու և այլ հարցերի շուրջ:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` կա քաղաքական կամք` ընտրակաշառք բաժանելն արդեն վերևներից եկող հրահանգ չէ, որից հետո աչք էին փակում քաղաքական ուժերի կողմից տեղերում ընտրակաշառք բաժանելու դեպքերին։ Որքանով այդ ամենը կյանքի կկոչվի, կախված է տեղերում իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմից։ Այլ հարց է, թե որքանով կկանխվի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կաշառումը։

Հոկտանյանը գտնում է, որ նոր իրավիճակում ռեյտինգային համակարգի առաջին թեստն է լինելու: Ռեյտինգայինը կբերի ոչ թե ծրագրերի, այլ ծանոթների, բարեկամների քանակի պայքարի։ Դժբախտաբար, աղքատ երկրների ճակատագիրն է, երբ հարուստ բարեկամը կարողանում է մոբիլիզացնել իր աղքատ ծանոթներին, ընկերներին։ Դրա ռիսկը կա։

Եթե նայում ենք միջազգային չափանիշներով, իհարկե, մարզային այցելություններով վարչական ռեսուրս է չարաշահվում։ ՀՀԿ-ականներն ասում էին, որ քարոզչություն կլիներ, եթե լիներ այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու կոչ։ Այդպիսի կոչեր վարչապետի այցերի ժամանակ, կարծես, չեն եղել։ Այսինքն` եթե ֆորմալ տրամաբանությունը կիրառենք, ստացվում է, որ վարչական ռեսուրսի կիրառում չկա։ Հոկտանյանի կարծիքով սակայն` եթե առաջնորդվենք այն ժամանակվա չափանիշներով, վարչական ռեսուրսի չարաշահում կա։

Տես «Առաջին լրատվական»-ի նյութը