(դիտարկման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 5-20, 2018թ.)

Դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Առաքելության գործընկերն է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

«Ականատես»-ի նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը և դրանց նկատմամբ հանրային անկողմնակալ հսկողությանը, ընտրական գործընթացների օրինավորությանը:

«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ:

2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համատեքստում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Սույն առաքելությունն իրականացվում է Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Սույն փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական առաքելությունը ու դրա անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների տեսակետները:

Երկարաժամկետ դիտորդություն

Երկարաժամկետ դիտորդական առաքելության շրջանակներում նախաձեռնությունը ներգրավել է 36 երկարաժամկետ դիտորդ՝ հանրապետության 38 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում դիտարկելու և գնահատելու նախընտրական և հետընտրական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունների վարչարարությունը, ընտրողների ցուցակների պատշաճությունը, թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, վերահաշվարկը, բողոքների քննությունը, գործողությունների համապատասխանությունը ժամանակացույցին և այլն: Դիտորդները տեղերում աշխատում են ընտրական հանձնաժողովների, կուսակցությունների/դաշինքների և դրանց թեկնածուների նախընտրական շտաբների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, քաղաքացիների հետ:

Տվյալների հավաքագրումը կատարվում է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Տեղերում դիտորդները մասնակցելու և հանդիպելու են տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների, կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների նախընտրական շտաբների, ոստիկանության, լրատվամիջոցների, դիտորդական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ընտրական գործընթացի այլ մասնակիցների հետ: Տեղեկատվության ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ ստացված տվյալները ստուգվելու են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:

Երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության ընթացքում դիտորդները հավաքագրելու են քանակական և որակական տվյալներ, որոնք ենթարկվելու են վերլուծության և ամփոփվելու են նախաձեռնության զեկույցներում, տեղեկագրերում, մամուլի հաղորդագրություններում և վիզուալ նյութերում: Ընտրական գործընթացի վերաբերյալ արձանագրված խախտումների հիման վրա, ըստ նպատակահարմարության, կազմվելու և ներկայացվելու են բողոքներ/հայցեր/դիմումներ վարչական, դատական և իրավապահ մարմիններին:

Դիտորդության վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը հրապարակվելու է «Ականատես» դիտորդական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև անդամ կազմակերպությունների ինտերնետային կայքերում և ֆեյսբուքյան էջերում:

Դիտարկման արդյունքներ և առաջարկություններ

2018թ. նոյեմբերի 2-ին ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրը՝ ընտրությունները 2018թ. դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչությունը սկսվելու է նոյեմբերի 26-ին:

«Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերի 5-ին: Սույն ժամանակահատվածում դիտարկման առարկա են հանդիսացել ընտրությունների վարչարարության գործընթացը, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) գործունեությունը և Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմը, ինչպես նաև ընտրողների ցուցակները, ընտրությունների օրվա նշանակումից հետո տեղի ունեցող քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը:

Ընտրական հանձնաժողովներ

2018թ. նոյեմբերի 2-ին ՀՀ ԿԸՀ-ն սկսել է կազմակերպչական աշխատանքները: Մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը տեղի է ունեցել խորհրդարանական ընտորւթյունների վերաբերյալ 7 նիստ: Ընդհանուր առմամբ կազմակերպչական աշխատանքները ընթանում են օրենքով սահմանված ժամանակացույցի համաձայն:

Տարածքային հանձնաժողովների կազմի մասնակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարածքային հանձնաժողովների կազմը հիմնականում մնացել է նույնը և այնտեղ հիմնականում ներառված չեն անձինք, որոնք օրենքի համաձայն իրավունք չունեն լինել ընտրական հանձնաժողովի անդամ: Այդուհանդերձ, արձանագրվել են փաստեր, որ հանձնաժողովի անդամները նախկինում դրսևորել են անօրինական վարքագիծ: Մասնավորապես, թիվ 8 տարածքային ընտրական հանձնաժողովի (Շենգավիթ վարչական շրջան) նախագահ Նորիկ Երանյանը 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում ֆիզիկական ուժի գործադրմամբ խոչընդոտել է լրագրողի գործունեությունը:[1] Դիտորդական առաքելության ստուգումը շարունակվում է և կավարտվի ս.թ. նոյեմբերի 26-ին:

Հորդորում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) հետևել Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմի՝ նախկինում դրսևորված վարքագծին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ փոխարինելու այն անդամներին, որոնք կոպտորեն խախտել են Ընտրական օրենսգրքի դրույթները: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում առաջարկվող անդամների նախկինում դրսևորած վարքագծին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ բացառելու նման անձանց ներգրավումը:

Նախընտրական քարոզչության կարգ

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը Ընտրական օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու սահմանված կանոնները:[2] Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2018թ. նոյեմբերի 26-ին և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին ժամը 24:00-ին: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը և մինչև պաշտոնական քարոզչության մեկնարկը որևէ սահմանափակում չկա:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական տպագիր և այլ նյութեր:[3] Նախընտրական քարոզչությունն սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական նյութեր փակցնելու համար առանձնացնի անվճար տեղեր: Հանրության համար տեսանելի քարոզչական նյութեր կարող են փակցվել հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում …, ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում և այլն: Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ: Օրենքով սահմանված վավերապայմանների բացակայությամբ քարոզչական տպագիր նյութեր տարածելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:[4]

Ընդհանուր առմամբ էական խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկումը ցույց է տվել, որ քարոզչանյութեր փակցվում են փողոցային լապտերների և էլեկտրասյուների վրա:

Կոչ ենք անում կուսակցություններին/դաշինքներին իրենց նախընտրական քարոզչության ընթացքում հետևել քարոզչության համար սահմանված կանոններին, նույնիսկ այն պարագայում, երբ պաշտոնապես քարոզչության մեկնարկը դեռ չի տրվել:

Ընտրակաշառք

ՀՀ օրենսդրության համաձայն ընտրողներին կաշառք տալը կամ ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը համարվում են քրեորեն պատժելի արարք [5]:

Հայտնի են մի շարք դեպքեր, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչները քաղաքացիների հետ իրենց հանդիպումներում հորդորում են ձեռնպահ մնալ ընտրակաշառք վերցնելուց:

Առաքելության դիտորդները չեն բացահայտել փաստեր, որոնք կվկայեին կաշառքի փաստի մասին: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում առկա են լուրեր ընտրակաշառք բաժանելու նորամուծությունների վերաբերյալ: Ըստ լուրերի՝ կուսակցություններից մեկը ընտրությունների ժամանակահատվածում գրանցում է բազմաթիվ անհատ ձեռներեցների, որոնք ստանդարտ ընտրակաշառքի փոխարեն ստանալու են աշխատավարձ՝ կուսակցության օգտին ձայներ բերելու համար:[6]

Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև դրանց անհատ թեկնածուներին զերծ մնալ գումարով քաղաքացիների ձայները գնելու պրակտիկայից, ինչպես նաև իրավապահ մարմիներին խորությամբ և համակողմանիորեն ուսումնասիրելու նման փաստերը:

Վարչական ռեսուրսի չարաշահում

«Վարչական ռեսուրս» կոնցեպտը սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ, սակայն, ըստ միջազգայնորեն ընդունված նորմերի՝ վարչական ռեսուրսը քաղաքական պաշտոնյաների ու հանրային այլ ծառայողների տնօրինության տակ գտնվող իրավական, մարդկային, ֆինանսական, նյութական և ոչ նյութական միջոցներն են: Ընտրությունների ժամանակ դրանց օգտագործումը հօգուտ որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ և կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Ըստ լրատվամիջոցների՝ առկա են մի քանի ահազանգեր առ այն, որ, դեռևս քարոզչության պաշտոնական ժամկետը չսկսված, արդեն իսկ կան վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, որոնք ներկայումս ճշգրտվում են առաքելության երկարաժամկետ դիտորդների կողմից: Միևնույն ժամանակ, կան դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց աշխատակազմերի հետ հանդիպումներում կամ հրապարակային հորդորում են ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսի կիրառումից: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ իշխանության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառքից զերծ մնալու կոչերն առավել հաճախակի են հնչում, քան վարչական ռեսուրսի օգտագործումից խուսափելու հորդորները:

Առաջարկում ենք պետական կառույցների ղեկավարներին, հաշվի առնելով մասնավորապես վարչական ռեսուրսի վերաբերյալ թյուրընկալումները ինչպես հանրության, այնպես էլ հանրային ծառայողների շրջանում, հանդես գալ խստագույն հանձնարարականներով՝ բացառելու վարչական ռեսուրսի չարաշահումը: Կոչ ենք անում հանրային ծառայողներին զերծ մնալ իրենց վստահված ռեսուրսները չարաշահելուց՝ որևէ կուսակցության, դաշինքի կամ թեկնածուի օգտին:

Ատելության խոսք

Դեռևս քարոզչությունը պաշտոնապես չի սկսվել, և ընդհանուր իրավիճակը լարված չէ, սակայն արդեն իսկ սկսել է հնչել ատելության խոսք, որը թիրախավորում է մարդկանց կամ մարդկանց խմբերի՝ իրենց կրոնական և սեռային, ինչպես նաև քաղաքական տարբերող հատկանիշների հիման վրա, ինչը կարող է կամա թե ակամա մղել բռնության։

Մասնավորապես, նման կոչեր է արել Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում ներառված Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 13-ի իր ելույթում՝ կոչ անելով, որ իրեն միանան նրանք «ովքեր դեմ են աղանդավորության քարոզին, պղծության և համասեռամոլության քարոզին»:[7] Նաև տարբեր կուսակցությունների անդամների անձնական ֆեյսբուքյան էջերում տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչում են միմյանց ուղղված վիրավորական արտահայտություններ:

Կոչ ենք անում ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին /կուսակցությունների դաշինքներին զերծ մնալ ինչպես ընտրապայքարի ընթացքում միմյանց նկատմամբ վիրավորական ու վարկաբեկող արտահայտություններ օգտագործելուց, այնպես էլ խտրական ու ատելության խոսքի միջոցով ընտրազանգված գրավելու գայթակղությունից: Նման վարքագիծը արգելված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով:

Ընտրողների ցուցակներ

Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրում բնակչության թիվը 2,969,200 է, որը պակասել է 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցված թվից 24,700-ով: Ընտրողների թիվը 2,574,916 է, որն ավելին է նշված ժամանակամիջոցից՝ 10,582-ով: Ըստ ընտրատարածքների` ընտրողների առավելագույն աճ՝ 2,941 հոգի գրանցվել է թիվ 2 ընտրատարածքում (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ), 2,789 հոգի՝ թիվ 3 ընտրատարածքում (Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ), և 2,428 հոգի՝ թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ): Ընտրողների քանակն առավել նվազել է թիվ 11 ընտրատարածքում (Շիրակի մարզ)՝ 2440-ով, թիվ 9 ընտրատարածքում (Լոռու մարզ)՝ 1,138-ով և թիվ 12 ընտրատարածքում (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր)՝ 1,118-ով:

Ընտրողների ցուցակները շարունակում են պարունակել խնդրահարույց տվյալներ, որոնք հարցականի տակ են դնում դրանց համապատսախանությունը իրականությանը: Այս պահին իրականացված վերլուծության արդյունքներով, ընտրողների ցուցակներում բացակայում են 571 ընտրողի հասցե: Բավականին բարձր է բարձր տարիք ունեցող ընտրողների թիվը: Մասնավորապես, ցուցակում կան 8,826 ընտրող, որոնց տարիքը 90 է և ավելի, ընդ որում՝ կա100 տարեկանից բարձր՝ 117 ընտրող և 110-ից բարձր՝ 3 ընտրող:

885 հասցեներում գրանցված է ավելի քան 20 ընտրող, ընդ որում՝ 100-ից ավել ընտրող կա 13 հասցեում:

Կոչ ենք անում ոստիկանությանը՝ շուտափույթ լուծել հասցե չունեցող ընտրողներին հասցեներ տրամադրելու հարցը, կամ հասցեների առկայության դեպքում՝ տեղադրել դրանք ընտրողների վերջնական ցուցակներում:

Հույս ենք հայտնում, որ ընտրացուցակներում ներառված, բայց հանրապետությունից բացակայող ընտրողների անունները չեն օգտագործվի այլոց կողմից:

[1] https://www.aravot.am/2018/09/24/982974, https://news.am/arm/news/472705.html, https://www.shantnews.am/news/view/159605.html
[2] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 19
[3] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 21
[4] Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 40.1
[5] ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 154.2
[6] https://www.lragir.am/2018/11/13/394771/?fbclid=IwAR0SruvxuYbZ5FvkcMzcBp6nymSNzysnmdbkes2k5cjVEXYHyJ7uLUERlDI
[7] https://www.youtube.com/watch?v=thRgg0OuLNs&t=220s, 3:40ր-ից


Տես հայտարարությունը pdf ձևաչափով