Ս.թ. նոյեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» առցանց ուղիղ հեռարձակմամբ հաղորդման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը բարձրաձայնել են ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված 9 կուսակցությունների և 2 դաշինքների վերաբերյալ իրենց ակնկալիքներն ու առաջարկները:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` կա կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք, բայց անհրաժեշտ է ձերբազատվել համակարգային կոռուպցիայից, ստեղծել քաղաքական դաշտ և իրապես բազմակուսակցական համակարգ: Քանի որ կոռուպցիան ածանցյալ է առկա տնտեսական, քաղաքական, սոցիալական և վարչական համակարգերից, պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ համակարգ, որը կբերի այն մեխանիզմները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն ուժային մեթոդներ կիրառելով, այլև կանխարգելելով և հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորելով` նվազեցնել կոռուպցիան:

Հաշվի առնելով քաղաքական դաշտի ամայությունը, այս փուլում անհրաժեշտ է կենտրոնանալ, որպեսզի ընտրություննորը լինեն լեգիտիմ և մաքուր, որից հետո քաղաքացիական հասարակությունն իր ուղերձները կփոխանցի այդ ուժերին: