Իրականում իշխանական բոլոր լծակները չեն, որ գտնվում են նոր իշխանությունների ձեռքում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պայքարը մեծ հաշվով ճիշտ ուղղությամբ է առաջ գնում: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, հավելելով, որ հիմա կա քաղաքական կամք: Երկրորդ խնդիրը պրոֆեսիոնալիզմն է, որը կերևա, երբ հասարակությունը պայքարի արդյունքներն իր վրա զգա: Այն պետք է ազդի մեր կյանքի որակի վրա, և պետք է այլ էֆեկտներ նույնպես լինեն:

Չնայած հեղափոխական մթնոլորտը դեռ պահպանվում է, կարևոր է, որ նախկիններից բացի, ներկա կոռուպցիոներները նույնպես պատժվեն: Թեև դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, մեր աչքի առջև են 90–ականների սկզբին հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերի կողմից ձևավորված կառավարության կատարած սխալները: Հոկտանյանը հույս ունի, որ այս անգամ դա չի կրկնվի: «Միամտություն կլինի կարծելը, թե գողացված գումարները գտնվում են մեր բանկերում, քանի որ աշխարհը վաղուց հայտնագործել է օֆշոր կոչվող տարածքները, որոնց միջոցով էլ լվացվում են գումարները: Կարևոր է օֆշորներում եղած գումարները հետ բերել, բայց շատ ավելի կարևոր է հասարակության կենսամակարդակի բարձրացման խնդիրը լուծել: Եթե երկիրը չի գնում լրջագույն տնտեսական, սոցիալական, վարչական, քաղաքական բարեփոխումների ճանապարհով, կոռուպցիան ոչ միայն չի հաղթահարվի, այլև կշարունակի նույն համակարգային բնույթը կրել և թանկ կնստի բոլորիս վրա»,– նշել է Հոկտանյանը:

Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն ավելի պրոֆեսիոնալ կլինի, եթե առանց հրաժարական պահանջելու ուղղակիորեն բացահայտվեն այն չարաշահումները, որոնք իրականացվել են տվյալ պաշտոնյայի կողմից: Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ քաղաքական հետապնդումներ իրականացնելը արդարացում ունենալ չի կարող: Մյուս կողմից, չի կարելի կոռուպցիոներներին ներել, եթե նրանք համաձայնում են պաշտոնից հրաժարվել:

Տես «Փաստ» օրաթերթի նյութը