Ս.թ. նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը Նոր Հայաստանում» խորագրով քննարկում, որի բանախոսներից էր ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նա ներկայացրել է ԹԻՀԿ փորձագիտական կարծիքը Սահմանադրական մարմինների և նրանց գործունեության հաշվետվողականության և վերահսկողության արդյունավետ մեխանիզմների մասին: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած սույն քննարկումը «Քաղաքացիական հասարակության օրակարգը ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկումների շարքի առաջին միջոցառումն է: ️

Հերիքնազ Տիգրանյանն ի թիվս այլ օրենսդրական խնդրահարույց հարցերի, անդրադարձել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքին, որի հոդված 10-ը հետընթաց է ժողովրդավարությունից, հաշվետվողականությունից և թափանցիկությունից: Տիգրանյանը նշել է, որ դեռևս չի հանվել կառավարության նիստերը դռնփակ անելու դրույթը, օրենսդրորեն հարցը չի կարգավորվել և միայն նոր կառավարության վարած քաղաքականության շնորհիվ է, որ նիստերն այժմ դռնբաց են: Սակայն, ըստ Հերիքնազ Տիգրանյանի, հնարավոր է վաղը կառավարության բարի կամքը չլինի և նիստերը կրկին փակվեն. «Այդ իսկ պատճառով պետք է այդ հարցը օրենսդրական կարգավորում ստանա և ոչ թե հիմնված լինի կառավարության բարի կամքի վրա»:

Միջոցառումը առցանց ուղիղ հեռարձակվել է Factor TV-ի կողմից