«Ականատես» դիտորդական առաքելությունը մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը
Նոյեմբեր 5, 2018թ.
#ականատես #արտահերթ #խորհրդարան2018
ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական և հետընտրական ժամանակահատվածը գնահատելու նպատակով` «Ականատես» դիտորդական առաքելությունը մեկնարկում է ընտրական գործընթացների երկարաժամկետ դիտարկումը:
Ս.թ. նոյեմբերի 5-ից սկսած 36 երկարաժամկետ դիտորդներ հանրապետության 38 ընտրատարածքներում դիտարկելու և գնահատելու են ընտրությունների վարչարարությունը, ընտրողների ցուցակների պատշաճությունը, թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, վերահաշվարկը, բողոքների քննությունը և ընտրական գործընթացի այլ բաղադրիչներ:
Երկարաժամկետ դիտարկման արդյունքում ստացված բացահայտումները պարբերաբար հրապարակվելու և տարածվելու են «Ականատես» դիտորդական առաքելության և դրա անդամների Facebook-յան էջերով, ինչպես նաև www.transparency.am և www.asparez.am կայքերով։ Ընտրական գործընթացի վերաբերյալ արձանագրված խախտումների հիման վրա նախաձեռնությունն, ըստ անհրաժեշտության, կազմելու է բողոքներ/հայցեր և հետամուտ է լինելու համապատասխան ատյաններում դրանց ընթացքին:
«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ընտրական հանձնաժողովներին, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրասենյակներին, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և քաղաքացիներին համագործակցել դիտորդների հետ և տրամադրել օբյեկտիվ տեղեկություններ ընտրական գործընթացների վերաբերյալ:
«Ականատես» դիտորդական առաքելության շուրջ 600 կարճաժամկետ դիտորդներ իրականացնելու են նաև ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության փուլի դիտարկում:
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։