Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Լիտվայի համագործակցությամբ անց է կացրել սեմինար-քննարկում` արծարծելու Հայաստանի հասարակական կազմակերպությունների զարգացման հնարավորություններն ու ռիսկերը: Սեմինարը տեղի է ունեցել ս.թ. մարտի 31-ին Հայաստանի ՀԿ-ների մասնակցային կարողությունների զարգացում ծրագրի շրջանակում` Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի աջակցությամբ: Ելույթների արդյունքում աշխույժ բանավեճ է ծավալվել միջոցառմանը մասնակից տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչների միջև:

Հանդես գալով բացման խոսքով` ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ողջունել է մասնակիցներին: Ծրագրի ղեկավար, ԹԻՀԿ խորհրդի անդամ Սոնա Այվազյանն իր զեկուցման մեջ արտացոլել է Հայաստանում հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները: Զեկուցմանը հետևել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ Լիտվան ներկայացնող Սերգեյ Մուրավյովի և Ագնե Կազլաուսկայտեի բանախոսությունները, ովքեր արծարծել են Լիտվայի և տարածաշրջանի լավագույն փորձը: Նրանք անդրադարձել են քաղաքացիական քարոզարշավների իրականացմանն ու առավել լայն հանրային աջակցությանը, սոցիալական մեդիայի օգտագործմանը արդյունավետ կառավարմանն ուղղված շահերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև ֆինանսների հայթայթման նորարարական եղանակներին:

ԹԻ-Լիտվայի գործադիր տնօրեն և ԹԻ խորհրդի անդամ Սերգեյ Մուրավյովն, ամփոփել է սեմինարը եզրափակիչ ելույթով: