«Ֆորին փոլիսի» ամսագրի «Հայաստանի հետհեղափոխական խնջույքն ավարտվեց. երկրի նոր կառավարությունը ցանկանում է արմատախիլ անել կոռուպցիան, սակայն հնացած վարչակարգը չի հանձնվում առանց պայքարի» վերտառությամբ հոդվածն անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Դրանում մասնավորապես նշված է, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) հրապարակած Կոռուպցիայի ընկալման 2017թ. համաթվով Հայաստանը 180 երկրների շարքում 107-րդ տեղում է: Իսկ ԹԻ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2016թ. Հայաստանի հիմնական արդյունքները վկայում են, որ կոռուպցիոն դեպքերի մասին չհայտնելու մեջ այն աշխարհի առաջատարն է: Հայաստանի հարցվողների 77 տոկոսը նշել է, որ հասարակությունում սոցիալապես ընդունելի չէ հայտնել կոռուպցիոն դեպքերի մասին. իսկ 67 տոկոսը, որ չի բարձրաձայնի, եթե դրանց առնչվի կամ վկա լինի:

Անգամ եթե Հայաստանի քաղաքացիները սկսեն բարեխղճորեն հայտնել կոռուպցիոն դեպքերի մասին, արդյո՞ք իշխանություններն ի վիճակի են պայքարել: Փորձագետները նշում են ինստիտուտների, հատկապես իրավապահ մարմինների վերանայման անհրաժեշտության մասին: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով` ներկայումս Հայաստանում գործում են կոռուպցիոն գործերին առնչվող 5 կամ 6 իրավապահ մարմիններ, սակայն նրանց իրավասությունները մասնակի համընկնում են, և մասնագիտացած չեն կոռուպցիոն գործերում: Անհրաժեշտ է, որ Հայաստանում գործի միասնական մասնագիտացված հակակոռուպցիոն իրավապահ մարմին, ինչի բացակայության պայմաններում կոռուպցիայի դեմ ներկայիս ոչ համակարգված պայքարն այնքան էլ արդյունավետ չէ:

Տես «Ֆորին փոլիսի» ամսագրի Հայաստանի վերաբերյալ հոդվածը