Գլխավոր էջ Նորություններ «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր
Նորություններ
2018 Հոկ
18

«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Ներածություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` նպաստելու թափանցիկությանը և հաշվետվողականությանը հանքարդյունաբերության ոլորտում:

Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել պատասխանատու հանքարդյունաբերության, ինչպես նաև՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ - EITI) շրջանակում հանրային մասնակցության խթանմանը:

Ով կարող է դիմել

Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ները՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական նախաձեռնությունները:

Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը և մեթոդաբանությունը

Սույն հրավերի շրջանակում կդիտարկվեն հետևյալ թեմաներին առնչվող և պատասխանատու հանքարդյունաբերությանը միտված հայտերը.

  • Հանքարդյունաբերությանն առնչվող ուսումնասիրություններ, ազդեցության վերլուծություններ, կոռուպցիոն ռիսկերի գնահատումներ,
  • Հանքարդյունաբերության և ԱՃԹՆ-ի վերաբերյալ տեղեկատվական/ճանաչողական նյութերի ստեղծում և տարածում,
  • Հանքարդյունաբերության և ԱՃԹՆ-ի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում/ քննարկումներ, մասնավորապես՝ ազդակիր համայնքներում, և որոշումների ընդունմանը մասնակցության ապահովում,
  • Հանքարդյունաբերության նկատմամբ հանրային վերահսկողության գործողություններ:

Իրականացվող ծրագրի արդյունքները պետք է կիրառելի լինեն՝ հետագայում հանքարդյունաբերության քաղաքականության կատարելագործմանն ուղղված գործողությունների համար:

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 36,300,000 դրամ: Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 12,100,000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել մինչև 10 ամիս և ավարտվել մինչև 2019թ. նոյեմբերի 15-ը:

Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է 2019թ. փետրվարի 1-ից:

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ԹԻՀԿ ծրագրային թիմի կողմից` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.

I. Կազմակերպության փորձը (20 միավոր)

  • կազմակերպության առաքելությունը և նպատակները
  • կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում
  • ծրագրում առաջարկվող աշխատակազմի փորձառությունը

II. Առաջարկվող ծրագրի նկարագրություն (40 միավոր)

  • համապատասխանությունը նշված թեմաներին  
  • կարիքի հիմնավորումը
  • գործողությունների աշխարհագրությունը
  • ակնկալվող արդյունքները
  • իրականացման ժամանակացույցը

III. Արդյունքների հետագա կիրառելիությունը (20 միավոր)

  • ծրագրի ընթացքում ձևավորված արդյունքների կիրառելիությունը և այդ ուղղությամբ առաջարկվող գործողությունները հանքարդյունաբերության քաղաքականության կատարելագործման առումով

IV. Բյուջեն (20 միավոր)

  • բյուջեի և նպատակների համապատասխանությունը
  • առաջարկվող ծախսերի ողջամտությունը

Բացի վերը նշված չափանիշներից ընտրության ժամանակ փորձագիտական հանձնաժողովի կողմից   հաշվի են առնվելու ներկայացվող առաջարկի նորարարությունը և ոլորտում իրականացված ծրագրերի հետ չկրկնվելու հանգամանքը։    

Դրամաշնորհառուի վերջնական ընտրության համար հիմք կծառայեն ԹԻՀԿ կողմից իրականացվող՝ ՔՀԿ-ի ինստիտուցիոնալ գնահատման արդյունքները և երաշխավորագրերը՝ այլ դրամաշնորհատու/գործընկեր կազմակերպություններից:

Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը

Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ուղարկեն փաթեթ՝  ներառելով.

  • Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Դիմումի ձև)

    - Աշխատանքային պլանը (Հավելված 1)
    - Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
    - Ծրագրում ընդգրկված աշխատակազմի համառոտ կենսագրականները
     
  • Ընտրված ոլորտում կազմակերպության կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում

Ծրագրի առաջարկը պետք է ներկայացվի մինչև 15 էջի սահմաններում` հայերեն լեզվով, տառատեսակը Arial AM կամ Arian AMU, տառաչափը` Font 11, տողամիջյան հեռավորությունը 1.15, լուսանցքները` 20 մմ:

Ս.թ. նոյեմբերի 6-ին կկազմակերպվի հանդիպում շահագրգիռ ՔՀԿ-ների հետ: Ցանկացողներին խնդրում ենք իրենց մասնակցության մասին տեղեկացնել մինչև նոյեմբերի 1-ը [email protected] հասցեով՝ նամակի վերնագրում գրելով «Q&A session»: Հանդիպման վայրը կհայտարարվի ավելի ուշ:

Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել մինչև ս.թ. նոյեմբերի 18-ը՝ օրվա վերջ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Mining grant proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին: