«Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտորդները Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների ընթացքում դիտարկել և խախտումներ են արձանագրել Երևան քաղաքի տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում ընդգրկված տեղամասերում:

25.09.2018թ. առանձին ընտրախախտումների, ինչպես նաև դիտորդների սուբյեկտիվ իրավունքների խախտումների վերաբերյալ դիմում-բողոքներ են մուտքագրել թվով 9 տարածքային ընտրական հանձնաժողովներ: Մուտքագրված 9 դիմումները հիմնականում վերաբերել են տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտմանը, ցուցակներում ընտրողների անվան դիմաց ստորագրությունների առկայությանը, քվեարկության գաղտնիության խախտումներին, քվեարկության օրը քարոզչության դեպքերին, ընտրողին օգնելու կարգի խախտումներին, քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով վկայականը դիտավորությամբ տեսանելի ձևով չկրելուն, կուտակումներին, քվեարկության կարգի խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրանցելու պահանջը մերժելու դեպքերին և այլն:

26․09․2018թ․ իրավախախտում կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հինգ հայցադիմում, որից չորսը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.6-րդ հոդվածով նախատեսված զանցանքի հատկանիշներով, այն է՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը սահմանված կարգով չլրացնելը, իսկ մեկը՝ 40․15-րդ հոդվածով, այն է՝ քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր վկայականը դիտավորությամբ տեսանելի ձևով չկրելու հիմքով։

01․10․2018թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 149, 145 և 154․2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով չորս հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական Ծառայություն՝ քրեական գործ հարուցելու, բազմակողմանի նախաքննություն իրականացնելու, ենթադրյալ հանցագործության կատարման և հնարավոր առնչություն ունեցող անձանց հայտնաբերելու և գործողություններին գնահատական տալու պահանջով։