Ս.թ. մարտի 24-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հակակոռուպցիոն համաժողովում հանդես է եկել «Հայաստանյան մասնավոր հատվածի ներքին կառավարման համակարգի գնահատումը Օրինականության ազգային համակարգի մեթոդաբանության կիրառմամբ» թեմայով բանախոսությամբ «Ձեռնարկությունների և պետության դերը ազնիվ կորպորատիվ համակարգի խթանման գործում. ի՞նչ կարող են անել կառավարությունը և գործարար ոլորտը» նիստի ընթացքում: «Ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդում» համաժողովը կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում ծրագրի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ:

Համաժողովի ժամանակ ներկայացվել են գործարար ոլորտում կոռուպցիայի նվազեցման խոստումնալից գործիքները և նշվել է, թե ինչպես կարող են միջազգային ընկերությունները, ներդրողները և սպառողական կազմակերպությունները նպաստել ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդմանը և հաղթահարել կայուն տնտեսական աճին ու զարգացմանը սպառնացող կոռուպցիայի մարտահրավերները, այդ թվում` կաշառակերությունը, կանոնակարգերի խախտումը, կորպորատիվ կեղծիքը, կարտելները, կոռուպցիան մատակարարման ցանցում և միջազգային գործարքներում:

Համաժողովին մասնակցում էին հայաստանյան և արտասահմանյան ձեռնարկությունների, միջազգային բանկերի և առևտրային գործակալությունների, կառավարության և քաղաքացիական հասարակության ավելի քան 200 ներկայացուցիչ: