Ս.թ. մարտի 18-ին Ժնևում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր 27-րդ նիստում քննարկել է Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի իրականացման հետ կապված հարցերը` հիմք ընդունելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Էկոդար» բնապահպանական ՀԿ և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի 2009թ. սեպտեմբերի 15-ի հաղորդումը Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը:

Հաղորդման համաձայն Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ պետական մարմինների որոշումների ու գործողությունների արդյունքում խախտվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածը` սահմանափակելով հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին: Մասնավորապես, հաղորդում ներկայացնող կազմակերպությունների կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել`

- հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման վաղ փուլերում (հոդված 6(2)),
- հանրության արդյունավետ մասնակցությունը (հոդված 6(4)),
- հասարակայնության կողմից ներկայացված կարծիքների հաշվի առումը որոշումների ընդունման գործընթացներում (հոդված 6(8)),
- որոշումների ընդունման վերաբերյալ անմիջապես իրազեկումը (հոդված 6(9)),
- պայմանների փոփոխության վերաբերյալ իրազեկումը (հոդված 6(10)):

Հասարակական կազմակերպությունների հաղորդման մեջ ասվել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից նրանց դիմումի և հետագա բողոքի մերժմամբ սահմանափակվել է նաև նրանց արդարադատության մատչելիությունը և խախտվել կոնվենցիայի 9 (2) հոդվածը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից հայաստանյան ՀԿ-ների հաղորդումն ընդունելուց հետո միայն, տեղեկացրել է, որ բողոքը բավարարում է «Էկոդար» բնապահպանական ՀԿ մասով: Սակայն դատարանը, փաստորեն, չի ճանաչել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ որպես շահագրգիռ հասարակայնություն Օրհուսի կոնվենցիայի սահմանումների համաձայն:

Օրհուսի կոնվենցիայի քարտուղարություն հաղորդում ներկայացրած հասարակական կազմակերպություններին Ժնևում ներկայացրել են ԹԻՀԿ շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ Սոնա Այվազյանը և փաստաբան Հայկ Ալումյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է Օրհուսի կոնվենցիայի հայաստանյան համակարգող Աիդա Իսկոյանը: Դիտորդներ էին Թեղուտի շահագործումն իրականացնող «Էյ-Սի-Փի» ընկերությունից Սահակ Կարապետյանը և նշյալ ընկերության փաստաբան, «Պրուդենս» իրավաբանական ընկերության նախագահ Էդուարդ Մուրադյանը: Ընդորում վերջիններս ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ համատեղ ներկայացնում էին կառավարության դիրքորոշումը: Այս հանգամանքը կրկին վկայում է, որ Թեղուտի շահագործման հարցով «Էյ-Սի-Փի» ընկերությունն ու ՀՀ կառավարությունն ունեն ընդհանուր շահեր և հնարավորինս համագործակցում են:

Լսումները և կողմերի միջև տեղի ունեցած հարց ու պատասխանը տևեց շուրջ հինգ ժամ: Օրհուսի կոմիտեն իր որոշումը կկայացնի իր առաջիկա նիստերի ընթացքում` հունիս, կամ սեպտեմբեր ամիսներին: