Նախկին պաշտոնյաների և օլիգարխների գողացված գումարները բյուջե բերելու համար նախ պետք է քրեական գործեր հարուցվեն, ապացուցվեն այդ հանցագործությունները, որից հետո որոշում կայացվի՝ վնասը փոխհատուցելուց հետո նրանց ներո՞ւմ են: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:

Հոկտանյանի խոսքով՝ աշխարհում չկա նախադեպ, որ որևէ նախկին պաշտոնյա խոստովանի, որ ինքը գողացել է, թալանել է երկիրը ու ինքնակամ գումարները հանձնի: «Եթե կան փաստեր, կա օրենքի ու արդարադատության ճանապարհը, հարուցեք այդ գործերը և փորձեք վերականգնել այդ վնասը: Կամավոր հանձնելը ես չեմ պատկերացնում: Բարոյական տեսանկյունից այդ մարդը, ով այդքան տարի թալանել է, նստի ու մտածի՝ տանեմ հանձնեմ թալանածս, թե ոչ, անհավատալի է: Սովորաբար գողին ապացուցում են, որ նա գողացել է, հետո նոր գործողություններ են իրականացնում»,- նշել է նա: Նախ քրեական գործեր պետք է հարուցվեն, նախաքննություն պետք է ընթանա և ապացուցվի մեղքը: «Երբ որ ապացուցում ես, որ մարդը գող է, ասում ես՝ եթե դու այսքան գումարը բերես, վերականգնես, կներենք քեզ: Ասում ես՝ կամ վերականգնում ես, կամ բանտ ես գնում: Բայց առանց քրեական գործ հարուցելու ասել՝ գողացել ես, պիտի բերես, չեմ պատկերացնում, որ հնարավոր է»,- նշել է նա:

Տես նյութը Lragir.am-ում