Ս.թ. մարտի 1-7-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ռումինիա-ի համագործակցությամբ կազմակերպել էր տաս հոգանոց հայաստանյան պատվիրակության ուսուցողական այց Ռումինիա: Բրիտանական «Շահերի բախում» ծրագրի շրջանակներում իրականացված այցի նպատակն էր ծանոթանալ շահերի բախման ռումինական փորձին, գույքի և եկամուտների հայտարարագրի կարգավորմանն ու ներկայացմանը, հանդիպել էթիկայի կանոններով և հակակոռուպցիոն խնդիրներով շահագրգիռ կազմակերպությունների և պետական պաշտոնյաների հետ:

Պատվիրակության կազմում էին ՀՀ նախագահի օգնական, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Արդարադատության նախարարությունից, հասարակական կազմակերպություններից, լրատվամիջոցներից:

Պատվիրակության անդամներն այցելել են ԹԻ Ռումինիա-ի գրասենյակներ, Իրավական ռեսուրս կենտրոն, Ռումինիայի խորհրդարան, Կառավարման և ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն գլխավոր վարչություն, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, դատախազության հակակոռուպցիոն վարչություն, հանդիպել են Ազգային օրինավորության խորհրդի ներկայացուցիչների, լրագրողների հետ: Պատվիրակության կազմում եղած լրագրողներ Մարգարիտա Եսայանը և Գրիշա Բալասանյանը իրենց այցի և շահերի բախման նվիրված հոդվածներ են տպագրել համապատասխանաբար «Առավոտ» օրաթերթում, «Հետք» առցանց պարբերականում ու շաբաթաթերթում: