Բրյուսելից Երևան վերադարձի ճանապարհին վարչապետ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ է, որովհետև մենք համարում ենք, ժողովրդավարությունը մեր սկզբունքն է, մեր համոզմունքն է, մեր հավատամքն է: Այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանում, տեղի են ունենում Հայաստանի ժողովրդի պահանջով և հետևաբար այդ պրոցեսները անշրջելի են, դրանք շարունակվելու են և հասնելու են արդյունքի: «Ժողովրդավարությունը և այս փոփոխությունները չենք պատրաստվում դարձնել քաղաքական սակարկության առարկա», - նշել է վարչապետը:

«Կոռուպցիայի դեմ մենք պայքարում ենք ոչ թե նրա համար, որ օրինակ Եվրամիությունն է պահանջում, որ պայքարենք կոռուպցիայի դեմ: Կոռուպցիայի դեմ պայքարում ենք նրա համար, որովհետև մեր ժողովուրդն է պահանջել, որ Հայաստանում կոռուպցիա տեղի չունենա: Ես երբեմն մեր գործընկերներին ասում եմ, որ իրենք դիտարկեն, թե վերջին 20 տարում, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համար միլիոնավոր եվրոները որքանով են էֆեկտիվ ծախսվել, այդ գումարների ծախսումը նպաստե՞լ է կոռուպցիայի նվազեցմանը, ինչքա՞ն է եղել դրանց ՕԳԳ-ն»: